Արդեն տեղադրվել է 111 հազար ազդանշանային սարք
Անցյալ տարվա վերջին, ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը սկսել է բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգում այրվող գազերի ազդանշանային սարքեր եւ վթարային անջատիչ կափույրներ տեղադրելու գործընթացը։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք ընթերցողին, այս ծրագիրը համահանրապետական է, ներառում է բոլոր համայնքները, որտեղ սպառվում է բնական գազ, եւ նպատակաուղղված է գազասպառումը հնարավորինս անվտանգ դարձնելու խնդրին։
Ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Խաչիկ Բաղդասարյանի տեղեկացմամբ, առայսօր հանրապետությունում տեղադրվել է 111 հազար անվտանգության սարք, որից 52500-ը՝ Երեւանում։ 2009-ի համար նախատեսված է ընդհանուր առմամբ 250 հազար սարքի տեղադրում։ Փոխտնօրենի հավաստմամբ, աշխատանքներն ընթանում են ժամանակացույցից մի փոքր առաջանցումով։ Արդյո՞ք գործնականում արդարացնում է իրեն այս սարքը։ Խաչիկ Բաղդասարյանը նշեց, որ առայսօր արձանագրվել է 1099 դեպք, երբ գործի է գցվել անվտանգության սարքը։ Հասկանալի է, որ այդ դեպքերից յուրաքանչյուրը կարող էր դառնալ ծանր վթար, եթե ժամանակին չկանխվեր։Հիշեցնենք, որ անվտանգության սարքերի տեղադրման գործընթացն իրականացվում է երեք փուլով։ Առաջին փուլում սարքերը տեղադրվում են բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարաններում։ Երկրորդ փուլում այդպիսի սարքեր տեղադրվելու են շենքերի շքամուտքերում։ Իսկ երրորդում՝ հերթը կհասնի մասնավոր սեկտորի առանձնատներին։ Ընկերության փոխտնօրենը հարկ համարեց եւս մեկ անգամ նշել, որ «Անվտանգության սարքերը տեղադրվում են „ՀայՌուսգազարդ“-ի ֆինանսական միջոցներով, բնակիչները դրանց համար չեն վճարում։ Իսկ եթե բնակիչ-բաժանորդը՝ ելնելով իր բնակարանի սխեմատիկ լուծումներից եւ առավել անվտանգ լինելու նպատակահարմարությունից, ցանկանում է տեղադրել լրացուցիչ եւս մեկ (կամ երկու) սարք, ապա պարտավոր է վճարել ինչպես սարքի, այնպես էլ տեղադրման արժեքը։ Անվճար տեղադրվում է միայն մեկ սարք»։ Գործընթացի անցած ամիսներին նկատվել է, որ առանձին բնակիչներ այդ սարքերը ցանկանում են տեղադրել բնակարանի՝ իրենց համար թվացյալ հարմար տեղերում, ինչի հետեւանքով անհամաձայնություն է առաջանում բնակչի եւ ընկերության մասնագետների միջեւ։ Այդօրինակ խոչընդոտները վերացված տեսնելու նպատակով՝ ընկերության փոխտնօրենը պարզաբանեց. «Սարքը բնակարանում տեղադրվում է անվտանգության ապահովման համար եւ պետք է, որ գտնվի գազի կուտակման առավել մեծ հավանականություն ունեցող հատվածում։ Իսկ այդպիսին համարվում է խոհանոցը։ Ընդդիմանալ այս տրամաբանությանը, կնշանակի նվազեցնել սարքի օգտակարության գործակիցը»:
Ըստ ընկերության մասնագետների, բնակիչները հաճախ ցանկանում են, որ անվտանգության սարքը տեղադրվի այն տարածքում, որտեղ գազի վառարանն է։ Այս մոտեցումը ընդունելի չէ այն պարզ պատճառով, որ եթե վառարանը գործածվում է միայն ձմռան ամիսներին, ապա խոհանոցի գազասալիկը՝ ամբողջ տարին։ Այստեղ հաշվի են առնում նաեւ այն միտումը, որ տարեցտարի փոքրանում է գազի վառարանների գործածման շրջանակը՝ տեղը զիջելով ջեռուցման կաթսաներին։ Հետեւաբար անվտանգության սարքերի տեղադրման հարցում ճիշտը մասնագիտական մոտեցումն է։ Ավելին, կա նաեւ միջանկյալ լուծում. մեկ անջատիչ կափույրը կարող է միացվել ազդանշանային երկու սարքի, որոնք կարող են տեղադրվել տարբեր սենյակներում։ «ՀայՌուսգազարդ» ընկերությունում նշում են, որ Հայաստանը առայժմ առաջինն է ԱՊՀ երկրների շարքում, որտեղ նախատեսված է գազասպառման համակարգերում անվտանգության սարքերի զանգվածային տեղադրում։
Ավելացնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել 2008–09թթ. ներդրումային իր ծրագիրը, որում վերոնշյալ աշխատանքնների իրականացման առաջին փուլի համար նախատեսված է 7,5 մլրդ դրամ։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն» թերթ