Հայկական էլեկտրաէներգիան հետաքրքրում է «Գազպրոմին»
Ընկերությունը պատրաստվում է նոր նախագծեր իրականացնել Հայաստանում
«ՀայՌուսգազարդում» մասնաբաժնի ավելացումն ընթացել է երեք փուլով. արդյունքում ընկերության մասնաբաժինը կազմել է 80%։
Մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում «ՀայՌուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, թե Հայաստանի համար եվրոպական գնագոյացման համակարգին անցումը կլինի աստիճանական՝ նախընտրելի ռեժիմով, հանրապետության էներգետիկ շուկայում «Գազպրոմի» դիրքերի միաժամանակյա ամրապնդմամբ՝ «ՀայՌուսգազարդում» այդ ընկերության մասնաբաժնի ավելացման հաշվին:
«Կապիտալի» խնդրանքով «Գազպրոմի» տեղեկատվության վարչությունը պարզաբանումներ է տվել Ա. Միլլերի հայտարարության վերաբերյալ:
— Որքա՞ն է «Գազպրոմը» նախատեսում հասցնել իր մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»՝ հաշվի առնելով, որ նա արդեն տնօրինում է բաժնետոմսերի 80%-ը։
—2006թ. «Գազպրոմը» Հայաստանի կառավարության հետ ստորագրել է փաթեթային համաձայնագիր, որով որոշված է երկրի տարածքում գազաէներգետիկ նախագծերում համագործակցության ռազմավարական սկզբունքները։ Այն ներառում է ռուսական գազի մատակարարման հարցում աստիճանական անցում եվրոպական գնագոյացման համակարգին և «Գազպրոմի» դիրքերի ամրապնդում Հայաստանի էներգետիկ շուկայում։
Համաձայնագրով նախատեսված է բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման միջոցով «ՀայՌուսգազարդում» «Գազպրոմ» ընկերության մասնաբաժնի ավելացում, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» կողմից ՀՀ կառավարությունից «Հրազդանի ջէկի» հինգերորդ էներգաբլոկի (Հրազդան-5) ու Հայաստանի գազային ենթակառուցվածքների օբյեկտների հետագա ձեռքբերում։
«ՀայՌուսգազարդում» մասնաբաժնի ավելացումն ընթացել է երեք փուլով՝ բաժնետոմսերը գնվել են 2006թ., 2008թ. և այս տարվա փետրվարին։
Արդյունքում ընկերության մասնաբաժինը կազմել է 80%։ Լրացուցիչ թողարկումից ստացված միջոցները որպես ներդրումներ «ՀայՌուսգազարդն» ուղղել է գազափոխադրման համակարգ և այլ էներգետիկ նախագծեր։ Բնական գազի գների աստիճանական փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդի» հիմնական բաժնետերն է և ոչ միայն գազ է վաճառում, այլև մասնակցում է նրա տեղափոխման և Հայաստանի տարածքում իրացման գործընթացներին։
— Ի՞նչ ժամկետներում է նախատեսվում «ՀայՌուսգազարդում» մասնաբաժնի ավելացումը։
—Իրավաբանորեն «Գազպրոմը» կդառնա «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 80%-ի սեփականատերը «ՀայՌուսգազարդի» բաժնետերերի տարեկան ժողովին, որը կկայանա հունիսի 22-ին՝ «Իտեռայի» 4,45% բաժնետոմսերի ձեռքբերման գործարքը հաստատելուց հետո։
— Կոնկրետ ո՞ր նախագծերում մասնակցության միջոցով է ավելացվելու «Գազպրոմի» մասնաբաժինը «ՀայՌուսգազարդում»:
— «ՀայՌուսգազարդի» հիմնադիր կապիտալում ընկերության մասնաբաժնի ավելացումն ուղիղ կապ չունի Հայաստանի տարածքում «Գազպրոմի» կողմից որևէ նախագծի մասնակցելու հետ։ Բայց Հայաստանի հետ համագործակցության ամրապնդումը ԱՊՀ շուկաներում «Գազպրոմի» գործունեության առաջնային ուղղություններից մեկն է։ «Գազպրոմի» հետաքրքրությունների ոլորտում են այն նախագծերը, որոնք կապված են գազի տեղափոխման և մարկետինգի հետ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը:
Աղբյուր: «Կապիտալ» օրաթեր