Վերականգնվում է Արարատ-Երևան գազատարը
Իրան-Հայաստան գազատարի Արարատ-Երեւան հատվածում, որը կառուցված է տասնամյակներ առաջ, փորձագիտական ուսումնասիրության արդյունքում երեւան են եկել կոռոզիայի ենթարկված հատվածներ։ Ընդհանուր 40կմ երկաությամբ գազատարից 10կմ-ում վերականգնման անհրաժեշտություն է առաջացել։ «ՀայՌուսգազարդ» ընկերության պատվերով «Տեխնո ֆիտ» ընկերությունը երկու ամիս առաջ սկսել է գազատարի վերականգնման աշխատանքները։
Ներկա պահին աշխատանքներ են կատարվում Նուբարաշենից ոչ հեռու, դեպի Մասիս գնացող ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող հատվածում։ Հողից բացվում-մաքրվում են գազատարի վնասված հատվածները, մաքրվում է խողովակաշարի կոռոզիայի ենթարկված մակերեսը, ապա ծածկվում նոր մեկուսիչ թաղանթով։ Ընդ որում, վերականգնողական աշխատանքները կատարվում են առանց գազի հոսքը փակելու։ Ո՞րն է նպատակը։ «ՀայՌուսգազարդ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աշոտ Հովսեփյանի տեղեկացմամբ. «Ժամանակի ազդեցությամբ պայմանավորված, գազատարի որոշ հատվածներում թույլատրելի ճնշման մակարդակը նվազել է՝ հասնելով 15–16 մթնոլորտի։ Եթե այս վիճակով շահագործենք գազատարը, ապա առավելագույնը Իրանից կարող ենք փոխադրել միայն պայմանագրային քանակությամբ գազ։ Սակայն մեր առջեւ խնդիր ենք դրել գազատարի (Արարատ-Երեւան հատվածի) հզորությունը բարձրացնել այն աստիճան, որ հարկ եղած դեպքում կարողանանք փոխադրել պայմանագրայինից երկու-երեք անգամ ավելի քանակությամբ վառելիք։ Հետեւաբար անհրաժեշտ է վերականգնողական աշխատանքների արդյունքում գազատարը դարձնել մինչեւ 40 մթնոլորտ ճնշման համար պիտանի»:Ըստ ընկերության փոխտնօրենի՝ «Տեխնո ֆիտ» ընկերության հետ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը բաժանել է աշխատանքը։ Տեխնոլոգիական մասը պատվիրվել է կապալառու կազմակերպությանը, իսկ խողովակաշարի դիագնոստիական եւ նախագծային աշխատանքները կատարում է իր ընկերությունը։ Համագործակցությունը, ըստ փոխտնօրենի, արդյունավետ է, եւ աշխատանքները կավարտվեն սեպտեմբերին։
«Տեխնո ֆիտ» ընկերության տնօրեն Դավիթ Չիտչյանի հավաստմամբ, իրենք կիրառում են այնպիսի տեխնոլոգիա, «որն ավանդական բոլոր տեխնոլոգիաներից նախընտրելի է երեք առումով. աշխատանքների գերակշիռ մասը կատարում ենք առանց գազազրկման, ավելի արագ եւ մատչելի գնով»։ Նաեւ ավելացնում է. «Մեր կիրառած նորագույն տեխնոլոգիան նախադեպը չունի տարածաշրջանում»։ Ի հավելումն ասվածի՝ «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրենը նշում է, որ նման տեխնոլոգիան արժեքավոր է ոչ միայն գազատար ցանցերի, այլեւ ջրատար համակարգի գծերի արդյունավետ պահպանման համար։ Նշենք, որ ներկայումս այս գազատարով օրական ստացվում է 2–2,5 մլն խմ գազ։ Եվ վերականգնման աշխատանքները կատարվում են առանց գազն անջատելու։ Եթե լինեն այնպիսի հատվածներ, որտեղ անհրաժեշտ է փոխել խողովակները, ապա դա արվում է այնպես, որ ապամոնտաժվող հատվածը հնարավորինս փոք լինի, ապա՝ նախապես պատրաստվում է փոխարինող խողովակաշարի հատվածը եւ նվազագույն միջոցում գազազրկման ընթացքում տեղադրվում հնի փոխարեն։ Դա կարող է տեւել ընդամենը 2–3 օր։ Մինչեւ այժմ կիրառվող տեխնոլոգիայի պայմաններում հարկ կլիներ գազն անջատել 2–3 ամիս։
Աղբյուր: «Հայաստանի Հանրապետություն թերթ