Կարեն Կարապետյանն այցելեց Քաջարան-Արարատ գազատարի շինհրապարակը
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը մասնագետների ուղեկցությամբ հերթական աշխատանքային այցը կատարեց Քաջարան- Արարատ հատվածում կառուցվող գազատարի շինարարության հրապարակ՝ աշխատանքների կատարման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Մեղրի —Քաջարան 40 կմ երկարությամբ գազատարի, ինչպես նաև 197,4 կմ երկարությամբ 720 մմ տրամագծով Քաջարան-Սիսիան- Անգեղակոթ-Ջերմուկ-Արարատ նոր գազատարի կառուցումը հնարավորություն կտա բարձրացնել հանրապետության գազափոխադրման համակարգի թողունակությունը և ապահովել իրանական գազի պայմանագրային ծավալների տեղափոխումը մինչև ջերմային էլեկտրակայաններ: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներդրումային ծրագրով նախագծի նախնական արժեքը կազմում է 52 մլրդ դրամ, որից միայն 2007թ. համար նախատեսված ներդրումները կազմում են 33 մլրդ դրամ:
Գազատարի շինարարության պատվիրատուն հանդիսանում է «ՀայՌուսգազարդ» Ընկերությունը, աշխատանքներն իրականացնում են Ընկերության «Տրանսգազշին» ՍՊԸ-ն, ինչպես նաև 5 կապալառու կազմակերպություններ, որոնք մասնագիտական մեծ փորձ ու հմտություններ ունեն այս բնագավառում: Ընդհանուր առմամբ աշխատանքներում ներգրավված են ավելի քան 250 մասնագետներ և մոտ 50 միավոր ժամանակակից հատուկ շինարարական տեխնիկա:
Աշխատանքներն ընթանում են աշխարհագրական առումով բավականին բարդ պայմաններում, առանձին տեղերում` ծովի մակերևույթից 2600–3000 մ բարձրության վրա: Ռելիեֆային ու կլիմայական անբարենպաստ պայմաններից բացի շինարարական աշխատանքների համար մեծ դժվարություն է ներկայացնում նաև համապատասխան ճանապարհների բացակայությունը: Բարձր լեռնային հատվածներում հարթակների ու խրամուղիների նախապատրաստման աշխատանքները հաճախ ուղեկցվում են պայթեցումներով: Աշխատանքային խումբը մասնագետների հետ համատեղ քննարկեց շինարարության առանձին հատվածների հետ կապված բարդությունները, մասնավորապես Շամբ գետի վրայով գազատարի անցկացման տեխնիկական հարցերը, դժվար անցանելի տեղերում խողովակների տեղափոխման հնարավորությունները և այլն:
Այցի արդյունքների հիման վրա հանձնարարական տրվեց նախապատրաստել աշխատանքների ժամանակացույց:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36