Առաջին հայկական IPO-ի ամենահավանական թեկնածուն հենց «ՀայՌուսգազարդն» է
«Բիզնես» ամսագրի (թիվ 2, հոկտեմբեր, 2007թ.) «Կապիտալի ներգրավման արվեստ: Հայկական IPO-ի հեռանկարը. ով, որտեղ, երբ» հոդվածում նշվում է, որ մի քանի խոշոր հայկական ընկերություններ հանդես են եկել արժեկտրոնային պարտատոմսերի թողարկմամբ, եւ այս գործընթացների տրամաբանական շարունակությունը կարող է լինել արդեն բաժնետոմսերի թողարկումը:
Հանդեսի հեղինակների կարծիքով, նման հեռանկարային նպատակով պարտատոմսեր թողարկեցին, մասնավորապես, «Հայէկոնոմբանկը» եւ «ՀայՌուսգազարդը», քանզի բաժնետոմսերում ներդրում կատարողները կարեւորում են ընկերության վարկային պատմությունը: Այս առումով միանշանակ առաջատարը «ՀայՌուսգազարդն» է, որը խոսում է ինչպես ժամկետների, այնպես էլ ծավալների մասին:
Հարկ է հաշվի առնել նաեւ ընկերությունների կողմից մինչեւ այժմ կատարված քայլերը: Մասնավորապես, կարեւոր է արժեթղթերի շուկայում պարտատոմսերի թողարկումով հանդես գալը եւ ԿԲ-ի կողմից վարկանիշ ստանալը: Այս տեսանկյունից «ՀայՌուսգազարդը» եւ «Հայէկոնոմբանկը» գտնվում են առավել շահեկան վիճակում: Ոչ պակաս կարեւոր է ընկերության համապատասխանեցումը շուկայի պահանջներից բխող անհրաժեշտ փաստաթղթային եւ կորպորատիվ կառավարման չափորոշիչներին:
«ՀայՌուսգազարդը» ունի մի շարք առավելություններ, քանի որ ընկերության սեփականատերերից խոշորագույնը ռուսական «Գազպրոմն» է, որի համաշխարհային հեղինակությունը ներդրողների ուշադրության լուրջ դրդապատճառ կհանդիսանա: Բացի այդ, «ՀայՌուսգազարդի» մյուս սեփականատիրոջ՝ Հայաստանի էներգետիկայի նախարարության առկայությունը մեծացնում է վստահելիության աստիճանն ընկերության նկատմամբ: Այս ամենը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որ առաջին հայկական IPO-ի ամենահավանակական թեկնածուն հենց «ՀայՌուսգազարդն» է, — նշված է հոդվածում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36