2006 թվականի արդյունքներով հայաստանյան խոշորագույն ընկերությունների տասնյակը գլխավորում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն
Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) կողմից իրականացված ուսումնասիրության համաձայն 2006թ. տարեկան արդյունքներով հայկական խոշորագույն ընկերությունների տասնյակը գլխավորում է Հայաստանում բնական գազի ներկրման եւ բաշխման ոլորտը ներկայացնող «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն:Ուսումնասիրություը կատարվել է Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում գործող եւ բազմազան ոլորտներ ներկայացնող 12 ընկերությունների 2006 թվականի տարեկան տնտեսական գործունեության ցուցանիշների վերլուծության հիման վրա («Հայաստանյան զարգացումներ» հանդես-07):
Ըստ նշված ուսումնասիրության, 2006 թվականի տարեկան արդյունքներով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն առաջին տեղում է ապրանքների կամ ծառայությունների իրացման ծավալի ցուցանիշով: Ընկերությունն առաջին տեղում է նաեւ հիմնական միջոցների եւ ընդհանուր ակտիվների մեծության ուղղություններով:
ՀՀ պետբյուջե վճարված հարկերի մեծությամբ, 2006 թվականի արդյունքներով հայկական 20 խոշորագույն ընկերությունների շարքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն զբաղեցնում է 3-րդ տեղը: Ի դեպ՝ 2007թ. առաջին կիսամյակի տվյալներով վճարված հարկերի մեծությամբ Ընկերությունն զբաղեցնում է 1-ին տեղը: Ներկայացված ընկերությունների շարքում աշխատողների թվաքանակով առաջատար է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, որի աշխատողները 2005թ.-ի համեմատ ավելացել են 878 մարդով:
Ընկերությունում զբաղված է 6 969 մարդ, իսկ բացարձակ արժեքով այն ունեցել է աշխատողների ամենամեծ ներհոսքը: Ըստ վերլուծության, այս զգալի աճը պայմանավորված է Ընկերության կողմից հանրապետությունում իրականացվող գազաֆիկացման գործընթացի հաստատուն տեմպերով, ինչպես նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտման աշխատանքներով եւ Իրան-Հայաստան գազամուղի կառուցմանը Ընկերության մասնակցությամբ պայմանավորված նոր աշխատատեղերի ստեղծման անհրաժեշտությամբ:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նվազում է արձանագրել միայն արտահանման կշիռների ուղղությամբ: Ընկերությունն զբաղվում է Էլեկտրաէներգիայի արտահանմամբ, որը համարվում է գործունեության լրացուցիչ ուղղություն:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն