Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ գազասպառման սահմանափակումներ չեղան

«Դեկտեմբեր-հունվար ամիսներին հանրապետությունը չի ստացել սպառման համակարգին անհրաժեշտ մոտ 100 մլն խ.մ գազ: Չնայած դրան բաժանորդների գազամատակարարումը իրականացվել է անխափան: Միայն մի քանի օր առաջ վերջապես հանրապետությունը ստացավ անհրաժեշտ գազի քանակը, որն արդեն ամբողջությամբ բավարարում է ներքին սպառողի պահանջարկը, ու միաժամանակ թույլ տալիս պահեստավորել ստորգետնյա պահեստարանում», —Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրին տված հարցազրույցում ասել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը:

Այս ցուրտ ձմեռը գազի մատակարարման եւ սպառման համակարգում հանգեցրեց բազմաթիվ խնդիրների, անգամ Ռուսաստանի հարավում հայտարարվեց գազի լիմիտավորված սպառում և անցում ռեզերվային էներգավառելիքի: Վրաստանում եւս որոշակի սահմանափակումներ եղան: Հայաստանը միակ երկիրն էր տարածաշրջանում, որտեղ սահմանափակումներ չեղան:

Ըստ Կ.Կարապետյանի, Հայաստանի գազասպառման համակարգը խնդիր ունեցավ միայն գազի ճնշման հետ կապված, քանի որ ցուրտ եղանակը կտրուկ բարձրացրեց պահանջարկը, և երկրորդ, «ՀայՌուսգազարդ»-ի գործընկեր կառույցները մունիցիպալ իշխանությունների ու բնակչության հետ չեն կարողանում համաձայնեցված լուծել գազի խողովակների անցկացման խնդիրը` ճնշումը ապահովելու նպատակով:


«Մեր երկրի առջեւ կանգնած է հետեւյալ խնդիրը. գազի մեր պահանջարկը կազմում է 12.6–13 մլն խ.մ, բայց Վրաստանի գազափոխադրման համակարգը լավագույն դեպքում կարող է տեղափոխել 10.5–10.6 մլն խ.մ գազ:
„ՀայՌուսգազարդ“-ի կողմից իրականացված աշխատանքների շնորհիվ հաջորդ տարի ձմռանը գազի օրվա պահանջարկը կարող է հասնել 17–18 մլն խ.մ: 1,5–2 տարի հետո այն կլինի 22–23 մլն խ.մ: Եւ եթե մենք նախկինում ասում էինք, որ մեզ բավարար է 150 մլն խ.մ ծավալով ստորգետնյա պահեստարան Իրան-Հայաստան ալտերնատիվ գազամուղի առկայության պայմաններում, ապա ակնհայտ է դառնում, որ ունենալով ալտերնատիվ գազամուղ, ունենալով հնարավորություն եւ հավանականություն,որ ձմեռվա պիկային սպառման ամիսներին ֆորս-մաժորային իրավիճակները կարող են շատ լինել, մենք այս տարի ծրագիր ենք մշակել, որպեսզի մեծացնենք ստորգետնյա պահեստարանը, ծրագիր ենք մշակել, որ Հայաստանի տարածքում տեղադրենք կոմպրեսորներ, որպեսզի ոչ միայն նվազեցնենք կախվածությունը տրանզիտային երկրից, այլ նաեւ երկրի ներսում հնարավորություն ունենանք ապահովելու ճնշումները եւ գազ մատակարարել: Այդ խնդրի լուծման համար պահանջվում են մեծ ֆինանսական ներդրումներ ի լրացում այն ներդրումների, որոնք արդեն իրականացնում ենք», — ասել է Կ. Կարապետյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am