Արագածոտնի մարզի Օշական և Ոսկեվազ գյուղերում նշվեց բնական գազի մուտքը
Արագածոտնի մարզի Օշական եւ Ոսկեվազ գյուղերում մեծ խանդավառությամբ դիմավորեցին բնական գազի մուտքը, որը երկար սպասված էր ձմռան այս ցուրտ օրերին:
ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, որը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ մասնակցում էր խորհրդանշական ջահը վառելու արարողությանը, նշեց, որ գյուղերում գազաֆիկացման աշխատանքներն սկսվել են 2007թ-ի նոյեմբերին: Նրա խոսքով, «Հայաստանում աղքատության հաղթահարման գլխավոր խնդիրներից մեկը նաեւ հանրապետության ողջ բնակչության համար գազը մատչելի դարձնելն է, այսինքն` ավելի էժան վառելիքից օգտվելու հնարավորություն ընձեռելը: Օշականի գազաֆիկացման խնդրի լուծումն այս ծրագրի կարեւոր կետերից մեկն էր»: Իրականացված աշխատանքների արդյունքում Օշականում գազից կարող է օգտվել 1450, Ոսկեվազում` շուրջ 1000 ընտանիք:
«Հանրապետությունում գազաֆիկացումը կատարվել է հիմնականում վերջին տարիներին. ընդամենը 5 տարի առաջ Հայաստանում կար շուրջ 80 հազար բաժանորդ, այսօր արդեն` ավելի քան 500 հազար ռեալ եւ շուրջ 100 պոտենցիալ բաժանորդ: Գազաֆիկացման աշխատանքները շարունակվում են, եւ այսօր մենք արդեն գերազանցել ենք խորհրդային տարիների գազաֆիկացման մակարդակը, շատ շուտով նաեւ գազ սպառողների թիվը կհասնի էլեկտրականություն սպառողների թվին, — տեղեկացրեց Ա. Մովսիսյանը:
Ըստ նրա` քանի որ ՙՀայՌուսգազարդ՚-ը շահույթ հետապնդող ընկերություն է, ուստի այն գյուղերում, որտեղ գազաֆիկացման տնտեսական արդյունավետությունը ցածր է, բյուջեից մասնակցություն է ցուցաբերվում: Տնտեսապես արդյունավետ բնակավայրերը ներկայումս ամբողջությամբ գազաֆիկացված են, մնում են այն գյուղերը, որոնց գազաֆիկացման համար անպայման անհրաժեշտ է ՀՀ պետբյուջեի կամ այլ դոնոր կազմակերպությունների օժանդակությունը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36