Կ.Կարապետյան. Տեղի է ունեցել վճարման պայմանների փոփոխություն

«Մայիսի 1-ից բնական գազի սակագների սուբսիդավորման դադարեցումը վճարման պայմանների փոփոխություն է բերելու հանրապետության գազասպառողների մոտ», — ապրիլի 16-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ պարզաբանել է «ՀայՌուսգազարդ» ընկերության Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը։

«ՀայՌուսգազարդ» ընկերության Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի մամլո ասուլիսը

«ՀայՌուսգազարդ» ընկերության Վարչության նախագահ- գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի մամլո ասուլիսը

Ըստ Կ.Կարապետյանի, մայիսի 1-ից բնակիչները 1000 խմ սպառած գազի դիմաց կվճարեն 84 հազար դրամ` 59 հազար դրամի փոխարեն, իսկ խոշոր սպառողները /ամսական 10 հազար խմ-ից ավելի/` յուրաքանչյուր 1000 խմ-ի համար 153 դոլար` 101 դոլարի փոխարեն:


Հայաստանում բնական գազի իրական սակագինը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանվել է 2006 թվականին և փոփոխության չի ենթարկվել: Ինչ վերաբերում է վճարման պայմանների փոփոխությանը, ապա ըստ Կ.Կարապետյանի, դա կատարվել է ճիշտ ժամանակին։ «Ձմռան երեք-չորս ամիսներին բաժանորդներն սպառում են ամբողջ տարվա ընթացքում օգտագործվող գազի մոտ 40–45 տոկոսը։ Ես պնդում եմ, որ մինչեւ ձմեռ ոչ մի բնակիչ-բաժանորդ չի զգա վճարման պայմանների փոփոխության բեռը, քանի դեռ գազը օգտագործում է սուրճ կամ ձվածեղ պատրաստելու համար։ Իրավիճակը այլ կարող է լինել ձմռանը, բայց ես գիտեմ, որ կառավարությունը մտադիր է սոցիալապես անապահով քաղաքացիների համար այդ սեզոնին որոշակի քայլեր կատարել», — վստահեցրեց Կ.Կարապետյանը։


Համատարած սուբսիդավորումից կառավարությունը որոշել է սուբսիդավորումը հասցեագրված ուղղորդել սոցիալապես անապահով քաղաքացիներին, որոնց թիվը կազմում է 130 հազար ընտանիք:


Ընկերության հաշվարկների համաձայն, միջինը 300 խմ գազ սպառող 80 հազար բաժանորդների մոտ մայիսի 1-ից ֆինանսական բեռը մեկ տարվա կտրվածքով կկազմի 7,5 հազար դրամ: 300–600 խմ գազ սպառող 83 հազար բաժանորդների մոտ վճարային ավելացող բեռը մեկ ամսվա կտրվածքով կկազմի 1000–1500 դրամ:

Ըստ Կ.Կարապետյանի, կառավարության քաղաքականության շնորհիվ սոցվճարումների աճը գերազանցում է այդ գումարը, բացի այդ երկրի ղեկավարությունը հետևողական քայլեր է իրականացնելու, որպեսզի սոցիալապես անապահով խավերը չզգան այդ բեռը:


Կ. Կարապետյանի համոզմամբ, վճարման փոփոխությունները ընդհանուր առմամբ դժվարությունների չեն բերի, քանի որ կատարված ներդրումների շնորհիվ հանրապետությունում այսօր բնական գազ է սպառում ավելի քան 530 000 բաժանորդ, որոնց մոտ էներգակիրների գների տարբերության հաշվին տարեկան տնտեսվում է 250–300 մլն դոլար:


Այդուհանդերձ, Հայաստանում գազի սակագները տարածաշրջանում շարունակում են մնալ լավագույնը։ «Վրաստանում բնակչության համար միջինացված սակագինը 356 դոլար է, խոշոր արդյունաբերության համար՝ 257,6 դոլար, փոքր ու միջին սպառողների համար` 283,1 դոլար։ Նույնն են գնային տարբերությունները Մոլդովայի, Ուկրաինայի եւ այլ երկրների դեպքում», — համեմատության կարգով նշեց Կ.Կարապետյանը:


Ըստ «ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի, մայիսին սպասվում է «Գազպրոմ» ԲԲԸ-ի Վարչության նախագահ Ա. Միլլերի այցը Հայաստան, որի հետ կքննարկվի ներկրվող գազի սակագնի նոր պայմանները:


«Խոստանում եմ, որ մեր ունեցած առավելությունները պահպանվելու են նաև նոր սակագների հաստատման դեպքում:Բնակիչ-բաժանորդների համար գազասպառումը շարունակելու է մնալ ցանկալի, գործարարների համար մենք չենք ստեղծի այնպիսի պայմաններ, քան նրանց մրցակիցների համար կլինեն», — նշեց Կ. Կարապետյանը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am