Երևանի գազիֆիկացումը հիմնականում ավարտվել է
Վերջին վեց տարիներին իրականացված գազաֆիկացման աշխատանքների շնորհիվ Երեւանի բնակչության գազամատակարարման եւ գազիֆիկացման աշխատանքներն հիմնականում ավարտվել են։ Ներկայումս մայրաքաղաքի ավելի քան 236 հազար տնտեսություն հնարավորություն ունի օգտվելու բնական գազից։ Այս մասին ապրիլի 11-ին տեղի ունեցած մամլո ասուլիսին հայտնեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Երեւան գազ» մասնաճյուղի տնօրեն Վարդան Հարությունյանը:
Ըստ նրա, 2002թ.-ից մինչ օրս մայրաքաղաքի գազամատակարարման վերականգնման եւ չգազիֆիկացված մոտ 19 թաղամասերի գազիֆիկացման համար կատարվել է մոտ 7,5 մլրդ դրամի ներդրում: Արդյունքում, բաժանորդների թիվը ներկայումս կազմում է 201 հազար 673, ինչը 278 բաժանորդով գերազանցում է Խորհրդային տարիների ցուցանիշը:«Երեւան գազ»-ի տնօրենը հայտնեց, որ այս տարվանից կսկսվի մայրաքաղաքի բաժանորդների բնակարաններում անվտանգության ազդանշանային սարքերի անվճար տեղադրման գործընթացը, եւ այդ նպատակով արդեն ձեւավորվել է աշխատանքային խումբ։ Ըստ նրա, ԱՊՀ որեւէ երկրում նման աշխատանքներ դեռեւս չեն իրականացվել։
Ըստ Վ. Հարությունյանի, 2008թ.-ին նախատեսված է իրականացնել Երեւան քաղաքի գազամատակարարման ռեժիմների բարելավման ծրագիրը, որի նպատակով կներդրվի շուրջ 961 մլն դրամ:
«Երեւան գազ»-ի տնօրենը փաստեց, որ այսօր գազի սպասարկման գրասենյակների շենքային պայմանները անմխիթար վիճակում են եւ բնակչությանը լիարժեք չեն սպասարկում։ Հարցին լուծում տալու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ «ՀայՌուսգազարդ»-ին են փոխանցվել կաթսայատներ, որոնք մոտ ապագայում կվերածվեն գազի ծառայության ժամանակակից գրասենյակների։
Ներկայացնելով Ընկերության 2008 թվականի ծրագրերը՝ Վ. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ գազաֆիկացման որոշակի ծավալ դեռ պետք է իրականացվի եւ կներդրվի եւս 135 մլն դրամ: 2008- 2012 թթ.-ին կիրականացվեն գազաբաշխման համակարգի, գործող վթարային գազատարների վերատեղադրման եւ հիմնանորոգման աշխատանքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36