Գազաֆիկացվեցին Արմավիրի մարզի երեք համայնքներ
Սեպտեմբերի 26-ը խոստանում է հիշարժան դառնալ Արմավիրի մարզի Մարգարա, Երասխահուն եւ Վարդանաշեն գյուղերի համար, քանի որ նախկինում երբեք չգազաֆիկացված այդ համայնքներում առաջին անգամ վառվեց բնական գազի ջահը: Շուրջ 817 տնտեսություն ունեցող այս գյուղերում հանդիսավորությամբ նշվեց կապույտ վառելիքի մուտքը, որը ինչ-ոչ չափով կթեթևացնի ձմռան հոգսաշատ առօրյան:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ավարտել է համայնքների գազաֆիկացմանն ուղղված հիմնական աշխատանքները` ներդնելով շուրջ 242 մլն դրամ, որի արդյունքում կառուցվել են միջին ճնման սնող գազատարեր, գազակարգավորիչ 6 կայաններ, ինչպես նաեւ ներքին բազաբաշխման ցանցերը: Դեկտեմբերին գազ կստանա եւս մարզի Արազափ համայնքը: Ըստ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, մինչեւ տարեվերջ գազը մուտք կգործի եւս վեց-յոթ համայնք։ Դրանից հետո մարզում չգազաֆիկացված կմնա ընդամենը յոթ համայնք։
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Խաչատուր Բաղդասարյանի տեղեկացմամբ, 2003–2008թթ. ներդրումային ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի բնակչության 91 տոկոսն այսօր բնական գազ օգտագործելու հնարավորություն ունի։ Դա կազմում է 655 հազար տնտեսություն։ Այս ամսին փաստացի բաժանորդների թիվը հասել է 550 հազարի։
Նրա խոսքերով, երկրում չի գազաֆիկացված 447 համայնք։ Այդ բնակավայրերում բնակչության նվազ թվաքանակի եւ ենթադրվող մեծ ծախսերի համեմատությունը բերել է այն եզրահանգման, որ ընկերության համար ֆինանսատնտեսական արդյունավետություն ապահովող պայմաններ այդ համայնքներում չկան։ Հետեւաբար, ընկերությունը չի կարող իր միջոցների հաշվին իրականացնել դրանց գազաֆիկացումը։ Փաստորեն այդ համայնքների գազաֆիկացումը ավելի շուտ սոցիալական ծրագիր է, քան տնտեսական։
Ընկերության փոխտնօրենը միաժամանակ նշեց, որ երկրի կառավարությունը միջոցառումներ է մշակում, որպեսզի նաեւ այդ համայնքներում տարբեր ֆինանսական ներդրումներով, այդ թվում նաեւ պետբյուջեի միջոցներով գազաֆիկացում իրականացվի։
2002 թվականից սկսած«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գազաֆիկացման մակարդակը 21%-ից աճել է 91%: 2002 թվականից առ 01.09.2008 թվականը գազամատակարարման վերականգնման և գազաֆիկացման աշխատանքներում ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 31.4 մլրդ. դրամ: Ընդ որում, գազաֆիկացվել նաեւ նախկինում գազ չսպառող երեք քաղաքային եւ 102 գյուղական համայնքներ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36