ՀՀ նախագահն աշխատանքային այց կատարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով եղավ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում, ընկերության տնօրինության եւ աշխատակիցների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացավ կատարված աշխատանքներին:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրենԿարեն Կարապետյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և «ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրենԿարեն Կարապետյանը

«ՀայՌուսգազարդ»-ի վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահին ներկայացրեց վերջին տարիներին ընկերության կողմից կատարված աշխատանքները եւ հետագա անելիքները: Նրա տեղեկացմամբ` 2002 թ-ից մինչ այսօր հանրապետությունում գազաֆիկացման ծավալը կտրուկ աճել է` 21 տոկոսից հասնելով 91-ի: Հայաստան ներմուծվող եւ իրացվող բնական գազի ծավալներն աճել են ավելի քան 2,4, բնակչության կողմից սպառումը` 6,4, արդյունաբերության կողմից սպառումը` 2,3 անգամ:

Ընկերության փաստացի բաժանորդների թվաքանակն աճել է 5,1, պահեստավորվող բնական գազի ծավալները` 2, գազաբաշխիչ ցանցն ընդլայնվել է 2,1 անգամ:


Կ. Կարապետյանի ներկայացրած հաշվարկի համաձայն` Հայաստանն առաջատարներից է բնական գազը որպես շարժիչային վառելիք օգտագործող երկրների շարքում: Տրանսպորտի ոլորտում որպես շարժիչային վառելիք սպառվող բնական գազը փոխարինում է շուրջ 300–330 հազ. տոննա նավթամթերքի, իսկ դրանից բխող ամենամյա տնտեսումը կազմում է 380–400 մլն ԱՄՆ դոլար:


Ընկերության ղեկավարի տեղեկացմամբ` իրենց կողմից ՀՀ պետական բյուջե վճարվող գումարի ծավալը 2002 թ-ից աճել է շուրջ 11 անգամ: Ընդլայնվել է նաեւ ընկերության աշխատակազմը. այժմ «ՀայՌուսգազարդ»-ն ունի 7000 աշխատակից` նախկին 4476-ի փոխարեն: Ընկերության կողմից ներդրվել են գազի հաշվառման, օդորիզացման ժամանակակից համակարգեր, մշակվել եւ հաստատվել են ոլորտին վերաբերող 24 նոր նորմատիվ ակտեր եւ ստանդարտներ: 2002–2007 թթ-ի ընթացքում վերոնշյալ ծրագրերի իրագործմանը ընկերությունն ուղղել է շուրջ 50 մլրդ դրամ:


«ՀայՌուսգազարդ»-ի հետագա անելիքներից են Աբովյանի գազապահեստարանում պահվող գազի ծավալի մեծացումը, բաժանորդների գազամատակարարման անվտանգության մակարդակի բարձրացումը, գազաէներգետիկ ծրագրերի իրականացումը եւ այլն: Այս ծրագրերի իրագործման համար ընկերության ներդրումների ծավալը մինչեւ 2010 թ-ը կկազմի 720–750 մլն ԱՄՆ դոլար: Ընկերության կանոնադրական կապիտալը այս տարեվերջին կգերազանցի 1 մլրդ ԱՄՆ դոլարը: Այս տարվա 8 ամիսներին «ՀայՌուսգազարդ»-ի ներդրումների ծավալը կազմել է 27 մլն ԱՄՆ դոլար: Այդ թվում 15,6 մլն դոլարն ուղղվել է գազային համալիրի վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներին, 9,7 մլն դոլարը` գազիֆիկացմանը: Կ. Կարապետյանը հանրապետության նախագահին մանրամասն ներկայացրեց նաեւ ռուսական «Գազպրոմ» ընկերության եւ «ՀայՌուսգազարդ»-ի միջեւ կնքված պայմանագիրը` համաձայն որի մինչեւ 2015 թ-ը Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի կտրուկ աճ տեղի չի ունենա: Ըստ պայմանագրի` 2009 թ-ի ապրիլի 1-ից 1000 խմ գազի դիմաց Ռուսաստանը հայկական կողմից կգանձի 154 ԱՄՆ դոլար, իսկ 2010 թ-ից` 200 դոլար: «Այս պայմանագիրը փոխշահավետ է, եւ տնտեսության վրա լրացուցիչ բեռի ավելացում չի նկատվի: „Գազպրոմ“-ի եւ „Հայռուսգազարդ“-ի համագործակցությունը բերել է նրան, որ Հայաստանի համար սահմանվում են այլ գներ: Անգամ արհեստական գնագոյացման պայմաններում, որը կարող է ձեւավորվել 2009–2010 թ-ին, մենք ապահովագրված կլինենք», — ասաց նա: Կ. Կարապետյանի խոսքով` բնակիչ-բանաժնորդների համար դեռեւս հաշվարկ չի իրականացվել եւ գազի սակագին չի սահմանվել: Ընկերությունը նախատեսում է 2009 թ-ին հանրապետություն ներկրել 2,5 մլրդ խմ գազ: «Գազպրոմը», ոչ միայն գազ մատակարարող եւ վաճառող ընկերություն է, այլեւ «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետերերից մեկը, եւ շահագրգռված է թե գազի շուկայի, եւ թե երկրի տնտեսության զարգացմամբ», — ասաց Կ. Կարապետյանը:


ՀՀ նախագահը գոհունակություն հայտնեց, որ պայմանագրի դրույթներն ամբողջովին տեղավորվում են բանակցությունների տրամաբանության մեջ: «Իհարկե, այն սակագները, որ գործելու են 2009 թ-ի ապրիլի 1-ից, մեզ ստիպում են չնչին չափով ավելացնել սոցիալական ծանրաբեռնվածությունը, լինելու է աննշան փոփոխություն: Բիզնեսի համար սա փայլուն հնարավորություն է` դառնալ շատ ավելի մրցունակ տարածաշրջանում, քան այսօր կանք: Սա մեզ հնարավորություն է տալիս ապագայում ապահովելու նաեւ ՀՆԱ-ի աճի բարձր ցուցանիշ», — ասաց Սերժ Սարգսյանը:


Երկրի ղեկավարը բարձր գնահատեց ընկերության վերջին տարիներին իրականացրած աշխատանքները: «Ընդհանրապես տնտեսության, ձեռնարկության, ինչու չէ` նաեւ սեփական բնակարանի արտաքին տեսքը շատ բանի մասին է վկայում: Փոխվել է ոչ միայն ձեր ձեռնարկության հնարավորությունները, այլեւ արտաքին տեսքը: Այստեղ մտնող մարդը միանգամից հասկանում է, որ գործ ունի աճող, զարգացող, լավ ցուցանիշներ ունեցող ընկերության հետ», — ասաց նա:


Ըստ Ս. Սարգսյանի` լավ է, երբ ընկերությունը լուծում է սոցիալական խնդիրներ, գնահատում մարդկանց աշխատանքը: Սակայն չպետք է բավարարվել ձեռք բերածով: «Ես կարծում եմ, որ ձեռք բերածով պետք չէ բավարարվել եւ պետք է առաջ նայել, տեսնել` էլ ինչ հնարավորություններ կարող ենք ստեղծել, որպեսզի մի կողմից բիզնեսի առումով հասնեք հաջողությունների, մյուս կողմից ձեր բիզնեսը ծանրացուցիչ չլինի մեր տնտեսության եւ բնակչության համար: Պետք է գտնել ոսկե միջինը, որպեսզի ոչ ձեր հնարավորությունները սպառվեն, ոչ էլ մենք աշխատենք հանուն ձեր բարգավաճման: Մեր նպատակը ոչ միայն առանձին գործող տնտեսությունների լավ ցուցանիշներ ապահովելն է, այլ տնտեսության ընդհանուր եւ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավելը», — ընդգծեց ՀՀ նախագահը:


Նա դրական համարեց գազիֆիկացման ցուցանիշի աճը, սակայն նկատեց, որ դեռեւս կան չգազիֆիկացված համայնքներ: «Մենք ունենք բազմաթիվ բնակավայրեր, որտեղ մարդիկ չեն կարողանում օգտվել բնական գազից, այսինքն չեն կարողանում բարելավել իրենց կյանքի որակը, քանի որ ընկերությանը տնտեսապես շահավետ չէ այդ բնակավայրերը գազիֆիկացնելը: Այստեղ տեսնում ենք պետական աջակցության հնարավորություններ, եւ մեր նպատակն է լինելու, որպեսզի մոտակա 2–3 տարիներին ամբողջ հանրապետությունը գազիֆիկացվի: Մենք ՀՀ պետբյուջեից պետական միջոցներ եւ այլ աղբյուրներից ֆինանսավորում կգտնենք, կիրականացնենք այդ աշխատանքները եւ կհանձնենք ձեզ` հետագա շահագործումն իրականացնելու համար: 50 հազ. բաժանորդը դեռեւս մեր ամենաբարձր ցուցանիշը չէ», — ընկերության աշխատակիցներին դիմեց Ս. Սարգսյանը:

Ըստ երկրի ղեկավարի` չափազանց կարեւոր է եւ Իրան-Հայաստան գազամուղի բարձր մակարդակով շահագործումը, եւ «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտը, ինչը հնարավորություն կտա արդյունավետ կերպով վարել երկրի տնտեսությունը: «Այդ բլոկի շինարարությունը չափազանց կարեւորում ենք, քանի որ եթե դրան գումարենք Երեւանի նոր ՋԷԿ-ը, մեր այլընտրանքային մասնաբաժինները նոր ատոմակայանի կառուցման պարագայում կլինեն համարյա հավասար: Եթե մենք չկարողանանք զարգացնել ջերմայինը, հիդրոն, եւ ատոմային էներգիայի մեծամասնություն ունենանք, տնտեսությունը կարող է խնդիրների առաջ կանգնել», — ասաց ՀՀ նախագահը:

Ս. Սարգսյանը կարեւորեց գազապահեստարանի հնարավորությունների մեծացումը: Ըստ նրա` պետք է աշխատանքներ տանել հետագայում պահեստարանում պահվող գազի ծավալները 250–300 մլն խմ-ի հասցնելու ուղղությամբ, որպեսզի բավականացնի 3 ամսվա համար: «Հասկանում եմ, որ բիզնեսի տեսանկյունից սա կարող է շահավետ չլինել, սակայն լինելով միակը, ձեր ընկերությունը պետք է հաշվի նստի նաեւ պետության անվտանգության խնդիրների հետ: Եթե անհրաժեշտություն կա, ապա ներդրողների ներգրավմամբ կարող ենք նաեւ այս հարցին էլ օժանդակել: Մենք պատրաստ ենք աջակցել ձեռնարկությանը, որպեսզի հետագայում այն կարողանա լիարժեք կատարել իր պարտավորությունները», — նշեց նա: ՀՀ նախագահի խոսքով` պետք է գնահատել այն հանգամանքը, որ չնայած բավական տեւական ժամանակ Հայաստան հեղուկ վառելիք չէր ներկրվում, սակայն երկրի բնակչության հիմնական մասը դա չզգաց, քանի որ որպես շարժիչային վառելիք օգտագործվում էր գազը:

Երկրի ղեկավարի տեղեկացմամբ` ՀՀ կառավարությունն արդեն որոշում է կայացրել, եւ նոր օրենսդրական նախաձեռնություն է ուղարկվել ԱԺ, ըստ որի կբարելավվի գազալցակայանների աշխատանքը նաեւ հարկային ոլորտի հետ առնչվելիս, ՙորպեսզի վերահսկելիությունը բարձր լինի, աշխատանքը` թափանցիկ»: Ըստ նրա` գազալցակայաններն այսօր բենզալցակայանների հետ գրեթե նույն հարթության վրա են գտնվում` միասին մատուցելով տնտեսությանն անհրաժեշտ ծառայություններ:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am