Չինական ընկերությունը կիրականացնի «Հրազդան-5-» շինմոնտաժային աշխատանքները
Հոկտեմբերի 3-ին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի եւ Չինաստանի «Շինմոնտաժային երրորդ տրեստ» ընկերության միջեւ պայմանագիր ստորագրվեց «Հրազդան-5»-ի շինմոտնաժային աշխատանքների իրականացման վերաբերյալ: Չինական այս ընկերությունը մասնակցել էր համապատասխան մրցույթում,ներկայացրել լավագույնը հայտը:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի խոսքերով, չինական կողմի հետ համագործակցությունը արդեն դարձել է շարունակական, քանզի նրանց հետ իրականացվելու են ոչ միայն շինմոնտաժային աշխատանքներ. հոկտեմբեր ամսին սպասվում է ազդանշանային սարքավորումների առաջին խմբաքանակը Հայաստան։ Ըստ «Հրազդան-5» էներգաբլոկի տնօրեն Կարեն Սարգսյանի, չինական կազմակերպությունը բավականին մեծ փորձ ունի արտերկրում նմանատիպ աշխատանքների իրականացման գործում: Նրանք նմանատիպ աշխատանքներ են իրականացրել Թուրքիայում, Բելառուսում, Ռուսաստանում: «Հրազդան-5» նախագծի շրջանակներում կիրականացվեն շինմոնտաժային աշխատանքներ՝ կապված հիմնական սարքավորումների եւ էլետրական մասի մոնտաժի հետ։ Չինական կազմակերպությունը կիրականացնի շինմոնտաժային աշխատանքների շուրջ 80 տոկոսը։ Չինական կողմի հետ այս ասպարեզում համագործակցությունը սկսվել է դեռեւս 2001-ից, երբ իրականացվել էր գործող կաթսայի մոնտաժը, բարձր որակով եւ պայմանագրային ժամկետում: «Հրազդան-5»-ի տնօրենը հույս հայտնեց, որ այս պայմանագիրը եւս նրանք կիրականացնեն բարեհաջող եւ սահմանած ժամանակահատվածում։ Չինական կողմը եւս հայտնեց իր գոհունակությունը կնքված պայմանագրից՝ համոզմունք հայտնելով, որ համագործակցությունը կընթանա բավական արդյունավետ։ Ըստ Կ.Սարգսյանի, կնքված պայմանագրի շրջանակներում աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2010թ.։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն