Կարեն Կարապետյան. «Էներգետիկ անվտանգության տեսանկյունից Հայաստանն էապես առաջ է անցել»

20 հունվարի 2009, 15:00

Մոսկովյան գազային միջազգային համաժողովը ցույց տվեց, որ վերանայման կարիք ունեն ինչպես էներգամատակարարման գործող համակարգերը, էներգետիկ անվտանգության մեխանիզմները, այնպես Էլ դրանք կարգավորող օրենսդրական դաշտը: Անդրադառնում Հայաստանի անխափան գազամատակարարմանն ու էներգետիկ անվտանգության հարցերին,«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը նշեց, որ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ էներգետիկ անվտանգության համակարգում շատ սուր խնդիրներ կան: Եղած համապատկերում կարելի է արձանագրել, որ էներգետիկ անվտանգության տեսանկյունից Հայաստանն էապես առաջ է անցել: Վերջին հինգ տարիների ընթացքում հանրապետությունը յուրաքանչյուր տարի ձմռանն ունեցել է գազամատակարարման դադարեցում, ինչը, սակայն, բաժանորդներն ընդհանրապես չեն զգացել:

«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի հավաստմամբ, այս տարվա հունվարյան անջատումն էլ չէր զգացվի, եթե այդ փաստը չարձանագրեին լրատվամիջոցները: «Իրողությունն այն է, որ այսօր Հայաստանն էներգետիկ անվտանգության տեսակետից շատ ավելի անվտանգ է, քան եվրոպական երկրներից շատերը: Եւ սա այն պարագայում, երբ թվում էր, թե գազի եւ այլ էներգակիրների ներկրումն այնտեղ շատ ավելի դիվերսիֆիկացված Է, քան մեզ մոտ», — նշեց Կ. Կարապետյանը: Ըստ նրա` գազային միջազգային համաժողովում հնչած խնդիրները մտածելու տեղիք են տալիս, եւ այդ առումով կարելի է արձանագրել, որ այն ճանապարհը, որով Հայաստանն անցնում է էներգետիկ անվտանգության հարցի լուծման համար, արդյունավետ է. «Սա հերթական ապացույցն է, որ մենք ճիշտ ուղով ենք ընթանում, քայլերը ժամանակին ենք անում եւ չենք ուշանում», —ասաց «ՀայՌուսգազարդ»-ի ղեկավարը:

Ներկայումս Հայաստանի 93 տոկոսը գազիֆիկացված է, եւ այդ ցուցանիշով մեր երկիրն աշխարհում գտնվում է առաջին եռյակում, իսկ 2006 թվականից սկսած` առաջինն է ԱՊՀ տարածքում: Աշխարհի այն երկրների շարքում, որոնք չունեն սեփական գազային պաշարներ, Հայաստանը գազիֆիկացման մակարդակով առաջին տեղում է: Հայտնի Է, որ սեփական գազային պաշարներ չունեցող երկրներում գազիֆիկացիայի առավելագույն տոկոսը 40 է: Այդուհանդերձ, չնայած բարդ պայմաններին, հայ մասնագետներին հաջողվել է հասնել գազիֆիկացման բարձ մակարդակի՝ այս ոլորտում վաստակելով նաեւ միջազգային ճանաչում:

Մոսկովյան համաժողովի շրջանակներում տարբեր երկրների գազամատակարարող ընկերությունների ղեկավարները քննարկեցին նաեւ մասնագիտական շատ խնդիրներ: Կ. Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը զգալիորեն առաջ է անցել նաեւ ներքին անվտանգության համակարգի կառուցման առումով: Մասնագետները յուրահատուկ են գնահատել ՀՀ-ում տնային համակարգի սպասարկման սկսված գործընթացը, որը ենթադրում է ավտոմատ անջատիչների տեղադրում յուրաքանչյուր բնակարանում: Ընթացիկ տարում նման ավտոմատներ կտեղադրվեն 250000 բնակիչ-բաժանորդների մոտ եւ,«ՀայՌուսգազարդ»-ի գլխավոր տնօրենի հավաստմամբ, դրանով նվազագույնի է հասնում մեծ վթարների հավանականությունը: ԱՊՀ մի շարք երկրների գազամատարարաող ընկերությունների ղեկավարներ առաջիկայում կայցելեն Հայաստան՝ ուսումնասիրելու եւ իրենց երկիր տեղափոխելու հայաստանցի մասնագետների այս փորձը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am