ՀՀ ներկրվող և բաշխվող բնական գազը համապատասխանում է պահանջներին

27 փետրվարի 2009, 15:00

Վերջին շրջանում որոշ զանգվածային լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածում, թե սպառողներին մատակարարվում է բնական գազ օդի խառնուրդով:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ներկրվող և բաշխվող բնական գազը համապատասխանում է «Բնական այրվող գազեր արդյունաբերական և կոմունալ-կենցաղային նշանակության» ԳՕՍՏ 5542–87 պահանջներին: Համաձայն գործող նորմերի բնական գազում թթվածնի պարունակությունը չպետք է գերազանցի 1.0 %-ը, այնինչ սպառողներին մատակարարվող բնական գազում թթվածնի կոնցենտրացիան, առնվազն վերջին երկու տարիների ընթացքում, չի գերազանցել 0.042%-ը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի և խոշոր գազասպառող կազմակերպությունների կողմից իրականացվում են բնական գազի պարբերական փորձարկումներ և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն հայտնում է իր պատրաստակամությունը շահագրգիռ հասարակական կազմակերպությունների և այլ իրավասու լաբորատորիաների հետ համատեղ իրականացնել մատակարարվող բնական գազի ֆիզիկա-քիմիական հատկությունների ուսումնասիրություն:


Ինչ վերաբերում է բնակչության կողմից սպառած բնական գազի վճարումներին, ապա մինչև 2008 թվականի մայիս ամիսը բնակչության համար սահմանված բնական գազի սակագինը կազմում էր 84 դրամ 1 խ/մ համար, իսկ գանձվող գինը` 59 դրամ 1 խ/մ-ի համար: 25 դրամ տարբերությունը վճարվում էր ՀՀ կառավարության կողմից` սուբսիդիայի տեսքով:


2008 թվականի ապրիլի 17-ի ՀՀ կառավարության թիվ 356 որոշմամբ մայիսի 1-ից դադարեցվեց սուբսիդավորումը, սակագինը և գանձվող գինը հավասարեցվեցին, որի հետևանքով ջեռուցման սեզոնին սպառման ծավալների կտրուկ ավելացման հետ պայմանավորված նկատվում է սպառած բնական գազի դիմաց վճարումների բարձրացում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am