Ավարտվել են Գորիս — Ստեփանակերտ գազատարի վերանորոգման աշխատանքները
Ավարտվել են Գորիս-Ստեփանակերտ մայրուղային գազատարի վերատեղադրման և նորոգման աշխատանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հուսալի գազամատակարարումն ապահովելու նպատակով:
Զուգահեռ անցնող 500մմ տրամագծով երկու գազատարները ամբողջովին դեֆորմացվել էին սողանքների հետևանքով` մեծ ծալվածքներ առաջացնելով խողովակաշարերի վրա։ Առ այսօր իրականացվել է գազատարների 1075գծ.մ և 1105գծ.մ հատվածների վերատեղադրում՝ հանելով դրանք սողանքի տեղամասից։
Առանձնակի դժվարությամբ վերատեղադրման աշխատանքներ են կատարվել` տարածքով անցնող գետի վրայով վերգետնյա անցումներն ապահովելու համար:
Տարիների ընթացքում գետը խորացրել և լայնացրել էր հունը` բացելով գազատարի մոտ 200 գծ.մ հատվածը։ Ուժեղ վարարումներից գետն իր հետ բերելով մեծ քարեր, վնասել էր գազատարի մակերեսը՝ առաջացնելով մետաղի կոտրվածքներ։
Վերատեղադրման աշխատանքներ կատարելու համար լրացուցիչ մոտ 3 կմ երկարությամբ ճանապարհ կառուցման անհրաժեշտություն էր առաջացել, որից հետո միայն կառուցվել են հենարաններ եւ գետի լայնությամբ հավաքակցվել գազատարի 205գծ.մ եւ 229գծ.մ հատվածները: Նշված աշխատանքների իրականացման համար ներդրվել է մոտ 450 մլն դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36