«ՀայՌուսգազարդ»-ին վարկ՝ 10 տարի ժամկետով

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և KfW Զարգացման բանկի միջև ստորագրված համաձայնագրով 50 մլն եվրոյին համարժեք ցածր տոկոսադրույքով փոխառություն կտրամադրի Ընկերությանը` 10 տարի ժամկետով: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կոմերցիայի և արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Վահե Հարությունյանը: Նրա խոսքերով, այդ միջոցները պետք է ուղղվեն Հայաստանի գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի վերակառուցման և զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը: Փոխառության գերակշիռ մասը կուղղվի անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ գազաբաշխիչ համակարգում անհատական ազդանշանային սարքեր և վթարային անջատիչ կափույրներ տեղադրելու շնորհիվ: Միջոցներ կհատկացվեն նաև Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանի հզորությունների ընդլայնման համար: Ըստ Վ. Հարությունյանի, համաձայնագրի կնքման գրավականը «ՀայՌուսգազարդ»-ի բարի համբավն է, ինչպես նաեւ ERNST & YOUNG միջազգային աուդիտորական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ»-ի համախմբված ֆինանսական հաշվետվություններին տրված դրական եզրակացությունն է:

KfW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանը նշեց, որ բանկը ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրել է 200 մլն եվրոյից ավելի գումարի չափով վարկ, եւ դա իր մեծությամբ նախադեպը չունեցող վարկ է եւ կազմում է ՀՀ-ում բանկի ամբողջ վարկային պորտֆելի մոտ 25 տոկոսը: «Համոզված եմ, որ այս փոխառությունը կօգտագործվի նախանշված նպատակներին համապատասխան, եւ դա կլինի ոչ միայն առաջին, այլ նաեւ ոչ վերջին վարկը ընկերությանը մեր կողմից», — ասել է նա:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am