Հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդ»-ի 2009–2011 թթ. ներդրումային ծրագրի
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հուլիսի 1-ի նիստում քննարկել է «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2009–2011 թվականների ներդրումային ծրագրին համաձայնություն տալու» մասին հարցը։
Հանձնաժողովը որոշեց համաձայնություն տալ «ՀայՌոագազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2009–2011 թվականների ընթացքում իրականացվելիք ներդրումային ծրագրին՝ 61 մլրդ 615 մլն դրամ ծավալով՝«ՀայՌուսգազարդ»-ի կողմից ներկայացրած 65,78 մլրդ դրամի դիմաց: Ներդրումներից 27 մլրդ 129 մլն դրամը նախատեսված է 2009 թվականի համար:
Ներկայացնելով ծրագիրը «ՀայՌոագազարդ» Զարգացման ներդրումային ծրագրերի վարչություն պետ Աշոտ Հակոբյանը ասաց, որ «ներդրումային ծրագիրը կազմված է հաշվի առնելով ներկայիս ճգնաժամային իրավիճակը, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից բնական գազի նոր սակագնի հաստատման հանգամանքը։
Ծրագրում ներառված միջոցառումները ռազմավարական կարևոր նշանակություն ունեն ընկերության կողմից տարվող թե ներքին, թե արտաքին տնտեսական գործունեության առումով։
Ծրագիրը նպատակաուղղված է ինչպես Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության և հուսալի գազամատակարարման ապահովմանը, այնպես էլ գազասպառողների շրջանում անվտանգության անհրաժեշտ մակարդակի բարձրացմանը։» «ՀայՌոագազարդ» ՓԲԸ 2009–2011 թթ. ներդրումային ծրագիրը նպատակաուղղված է՝
1) գազափոխադրման համակարգի ընդլայնմանը՝ 2009–2011 թթ. ընթացքում՝ 16 230.3 մլն դրամ, որից 2009 թվականին՝ 16 147.0 մլն դրամ,
2) գազափոխադրման համակարգում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառցմանն ու ընդլայնմանը՝ 2009–2011 թվականների ընթացքում՝ 2 278.4 մլն դրամ, որից 2009 թվականին՝ 1 083.4 մլն դրամ,
3) գազափոխադրման համակարգի վերակառցմանը՝ 2009–2011 թվականների ընթացքում՝ 15 269.8 մլն դրամ, որից 2009 թվականին՝ 1 807.3 մլն դրամ,
4) գազափոխադրման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2009–2011 թվականների ընթացքում՝ 746.5 մլն դրամ, որից 2009 թվականին՝ 258.8 մլն դրամ,
5) գազաբաշխման համակարգի ընդլայնմանը՝ 2009–2011 թվականների ընթացքում՝ 1 750.0 մլն դրամ, որից 2009 թվականին՝ 750.0 մլն դրամ,
6) գազաբաշխման համակարգի վերակառուցմանը՝ 2009–2011 թվականների ընթացքում՝ 7 106.1 մլն դրամ, որից 2009 թվականին՝ 2 315.7 մլն դրամ,
7) գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ՝ 2009–2011 թվականների ընթացքում՝ 18 233.9 մլն դրամ, որից 2009 թվականին՝ 4 766.8 մլն դրամ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36