«Հրազդան 5»-ի մասնագետները շարունակում են վերապատրաստումը Կիրիշի ՊՇԷԿ-ում

«Հրազդան-5» —ի անձնակազմից մրցութային կարգով ընտրված 25 աշխատակիցներ մասնագիտական վերապատրաստում են անցնում Կիրիշի ՊՇԷԿ-ում (ՌԴ)` շոգետուրբինային տեխնոլոգիաների ուսումնասիրության և արտադրական գործընթացի առանձին հմտություններին տիրապետելու նպատակով:

Ինչպես նշել է ուսումնական խմբի ղեկավար Աշոտ Պողոսյանը, 7 մասնագիտությունների համար մշակված 8 փուլանոց հատուկ ծրագրի նպատակն այն է, որպեսզի մինչև «Հրազդան 5»-ի էներգաբլոկում թողարկման-կարգաբերման աշխատանքների մեկնարկը, մասնագետներն ունենան սարքավորումները կառավարելու բավարար փորձ և հմտություններ: Կիրիշի ՊՇԷԿ-ի ընտրությունը պատահական չէ, քանի որ այդ կայանը և «Հրազդան 5»-ն ունեն շատ համանման սարքավորումներ: Բացի այդ, Կիրիշի ՊՇԷԿ-ում տեղադրված է ուղղահոս շոգեկաթսա, որի արդիականացված տարբերակը շահագործվելու է «Հրազդան 5»-ում:

«Հրազդան 5»-ի ներկայացուցիչները գոհունակությամբ նշում են, որ Կիրիշի ՊՇԷԿ-ի գործընկերները մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց աշխատանքին և անում հնարավորը «Հրազդան 5»-ի մասնագետներին անհրաժետ գիտելիքներ փոխանցելու համար: Կիրիշի ՊՇԷԿ-ի ղեկավարությունը բարձր մակարդակով է կազմակերպում ուսումնական գործընթացը և «Հրազդան 5»-ի տնօրինությունը վստահ է, որ իրենց մասնագետներն ուսումնական ծրագրի ավարտից հետո ընդունակ կլինեն սեփական ուժերով կատարել թողարկման-կարգաբերման աշխատանքները:

Մեծ ուշադրություն է դարձվում նաև պրոֆեսիոնալ կապերի զարգացմանն ու գործնական փորձի փոխանակամանը:

Ռուսաստանցի գործընկերներն ընդգծում են, որ մեր մասնագետները կարողանում են նման հաջողությունների հասնել շատ կարճ ժամանակահտվածում և նրանք շատ պատասխանատու մոտեցում են ցուցաբերում ուսուցման գործընթացին: Կիրիշի ՊՇԷԿ-ի ղեկավարությունը նաև պատշաճ մակարդակով կազմակերպում է մեր մասնագետների հանգիստն ու ժամանցը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am