Ավարտվեցին «ՀայՌուսգազարդ»-ի մասնագետների համար կազմակերպած որակավորման բարձրացման դասընթացները
Այսօր «ՀայՌուսգազարդ»-ում ավարտվեցին մասնագիտական ուսուցման դասընթացները մայրուղային եւ բաշխիչ գազատարների, ինչպես նաեւ արդյունաբերական շենքերի եւ շինությունների հիմնանորոգման կառավարմամբ եւ կազմակերպմամբ զբաղվող մասնագետների համար, որոնք նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 11-ը անցկացրեցին Գուբկինի անվան նավթի ու գազի Ռուսաստանի պետական համալսարանի որակավորման բարձրացման Ուսումնա-հետազոտական կենտրոնի դասախոսները: Դասընթացներն անցկացվեցին «Նավթագազային օբյեկտների կապիտալ շինարարության կազմակերպման եւ նախագծման ժամանակակից մեթոդները» թեմայով:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ արտաքին կապերի բաժնի պետ Արթուր Խաչատուրյանի խոսքերով, ընկերությունը շատ մեծ նշանակություն է տալիս մասնագիտացված կադրերի ուսուցմանը և որակավորման բարձրացմանը, եւ, մասնավորապես, 2008թ.-ից սերտ համագործակցում է Գուբկինի անվան նավթի ու գազի Ռուսաստանի պետական համալսարանի որակավորման բարձրացման Ուսումնա-հետազոտական կենտրոնի հետ: Երկու տարվա ընթացքում որակավորման դասընթացներ են անցել ավելի քան 50 մասնագետներ եւ ստացել որակավորման բարձրացման վկայականներ:Գուբկինի անվան Նավթի և գազի ռուսական պետհամալսարանի Գազանավթատարների և պահեստարանների կառուցման ամբիոնի դոցենտ Միխայիլ Լեժնևը նշեց հայ ունկնդիրների գիտելիքների լավ մակարդակը: «Պոտենցիալ կա: Ունկնդիրները ակտիվություն են ցուցաբերում դասերի ընթացքում, հետաքրքրվում շատ հարցերով: Հուսով եմ, այն գիտելիքները, որ այստեղ ստացան մեր հայ գործընկերները արդյունավետ կլինի գործնականում կիրառելիս», —ասաց նա:
Գազանավթատարների և պահեստարանների կառուցման ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Ալան Ռևազովի խոսքերով, քանի որ «Հայաստանը լեռնային երկիր է, մենք շեշտը դնում ենք լեռնային պայմաններում տեխնոլոգիական գործընթացների, կառավարման ավտոմատիզացված համակարգերի, չափողական համակարգերի ավտոմատացման ուսուցման վրա: Մեր հայ գործընկերներից մենք էլ նոր բաներ ենք սովորում: Հուսով եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի: Արդեն երկու տարի է, ինչ գործակցում ենք` 5 խումբ 10-ական աշխատակից արդեն վերապատրաստվել է»:
Ուսուցման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման ծրագրերի միջոցով մարդկային ռեսուրսների զարգացումը՝ Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղություններից մեկն է: Ընդհանուր առմամբ, անցած տարվա սեպտեմբերից մինչև այժմ Ընկերության աշխատակիցների համար կազմակերպվել է որակավորման բարձրացման թեմատիկ հինգ ծրագիր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36