Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում աշխատանքների մոտ 70 տոկոսը ավարտված է

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և «ՀայՌուսգազարդ»ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղան Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացան աշխատանքերի ընթացքին:

Արմեն Մովսիսյանը և Կարեն Կարապետյանը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում

Արմեն Մովսիսյանը և Կարեն Կարապետյանը Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում

Ամփոփելով շրջայցը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ շինարարական աշխատանքները սկսվել են 2008թ.-ին, բայց այս ընթացքում բավականին մեծ գործ է արված: «Ես ուզում եմ հատուկ նշել „ՀայՌուսգազարդ“ ընկերության աշխատակիցների այն ջանքը, եռանդը, որը դրվել է այս կայանը ոտքի հանելու համար:Այսօրվա դրությամբ սարքավորումների 90 տոկոսը ներկրված է Հայաստան: Աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտված է: Եկող տարվա սեպտեմբեր ամսին կավարտվեն շինմոնտաժային աշխատանքները եւ կսկսվեն կարգաբերման աշխատանքները: 2010թ. վերջին արդեն 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին»:

Նախարարի հավաստմամբ, էներգաբլոկի շինարարությամբ հնարավորություն կստեղծվի 1 կՎ/ժ էլեկտրաէներգիա արտադրելու համար ծախսել 270 գրամ պայմանական վառելիք, ինչը իր հերթին հնարավորություն կտա նվազեցնել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Արմեն Մովսիսյանի խոսքով, «կայանը նաեւ հնարավորություն է տալիս ոչ միայն սահմանափակվել այս հզորությունով, այլ զարգացնել հետագայում, ավելացնելով եւս մեկ գազատուրբինային բլոկ: Դա հնարավորություն կտա Հայաստանի էներգահամակարգին լուծելու ներքին շուկայի հետ կապված խնդիրները, ինչպես նաև իր ուրույն տեղն ունենալ տարածաշրջանում՝ էլեկտրաէներգիայի արտադրության, տարանցման եւ մատակարարման մասով»:

«Հրազդան-5» —ի շինհրապարակում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: 60 օբյեկտներում միաժամանակ կատարվող շինմոնտաժային աշխատանքներում ներգրավված են ավելի քան 850 մասնագետ: Պայմանագրերի համաձայն, շարունակվում են աշխատանքները սարքավորումների առաքման ուղղությամբ, որոնց հիմնական մասն արդեն առաքվել է «Հրազդան-5» շինհրապարակ: Մինչև ընթացիկ ամսվա վերջ նախատեսվում է առաքել շոգետուրբինի գեներատորի բլոկային տրանսֆորմատորը` 400 000 կիլովատ/ամպեր հզորությամբ, որի տրանսպորտային քաշը կազմում է 190 տոննա և որը ամենախոշորն է ՀՀ էներգահամակարգում: Ամբողջությամբ մատակարարվել է կաթսաագրեգատի սարքավորումների խմբաքանակը և շեֆ-ճարտարագետի` <<Կրասնի կոտելշիկ>> գործարան, ղեկավարությամբ շարունակվում է կաթսաագրեգատի մոնտաժումը, որը պատրաստ է շուրջ 75 տոկոսով:


2006–2009թթ. ընթացքում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ավարտի և արդիականացման նպատակով ներդրվել է շուրջ 393,5 մլն ԱՄՆ դոլար, որից 248,8 մլն ԱՄՆ դոլարը` գույքային համալիրի ձեռքբերման նպատակով: 2009թ. հուվար- նոյեմբեր ամիսներին ծրագրում ներդրվել է 77,5 մլն դոլար կամ 30,2 մլրդ դրամ: Ներդրումները կատարվել են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին: Փոխառու միջոցների ներգրավման հարցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ համագործակցում է մի շարք տեղական և արտասահմանյան ֆինանսական հաստատությունների հետ` երկարաժամկետ վարկեր ստանալու ուղղությամբ:


Ծրագրի շրջանակում «Հրազդան-5»-ի տնօրինությունը շուրջ 109 պայմանագրեր ունի կնքած տեղական /49/ և արտասահմանյան /60/ կազմակերպությունների հետ` նախագծային, մատակարարման, շինմոնտաժային, կարգաբերման-թողարկման և այլ աշխատանքներ կատարելու համար: 2009թ. դեկտեմբերին ավարտվում է «Հրազդան-5»-ի անձնակազմի վերապատրաստումը Կիրիշյան ՊՇԷԿ-ում (ՌԴ), շարունակվում է էլեկտրատեխնիկական արտադրամասի անձնակազմի մասնագետների վերապատրաստումը Հրազդանի ՋԷԿ-ի գործող հատվածում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am