«ՀայՌուսգազարդ»-ը շարունակում է համագործակցել ուսումնական հաստատությունների հետ
Ուսուցման և որակավորման բարձրացման ծրագրերի միջոցով մարդկային ներուժի զարգացումը հանդիսանում է «ՀայՌուսգազարդ»-ի կադրային քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Արդեն մի քանի տարի Ընկերությունը համագործակցության ծրագրեր է իրականացնում ՌԴ նավթագազային համալիրի բազային բուհի` Ի.Մ. Գուբկինի անվան նավթի և գազի պետական համալսարանի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական Համալսարանի և Աբովյանի էներգետիկական քոլեջի հետ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փոխտնօրեն, գլխավոր ճարտարագետ Ա. Հովսեփյանի խոսքով, աշխատողների մասնագիտական մակարդակի բարձրացումը անընդհատ եւ պարտադիր գործընթաց է: 2009թ. Ընկերությունը մոտ 173 մլն դրամ է հատկացրել մի շարք ուսումնական և աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրերի համար:
Ընկերության մասնագետների համար մի շարք թեմաներով ուսումնական-գործնական դասընթացներ են կազմակերպվել Ի.Մ. Գուբկինի անվան նավթի և գազի պետական համալսարանի որակավորման բարձրացման գիտահետազոտական կենտրոնի հետ, ինչը հնարավորություն է տվել մեր մասնագետներին իրենց գիտելիքները համադրել միջազգային ստանդարտներին:
Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հետ համագործակցության շրջանակում «ՀայՌուսգազարդ»-ի կողմից իրականացվում են նաև ֆինանսական աջակցության որոշակի ծրագրեր: Մասնավորապես, բուհի Գազամատակարարման եւ ջերմամատակարարման ֆակուլտետի լավագույն ուսանողներին հատկացնում է կրթաթոշակ, վերանորոգվում եւ համապատասխան համակարգչային և էլեկտրոնային նորագույն սարքավորումներով հագեցվում են լսարանները եւ լաբորատորիաները:
Վերջին տարիներին ուսանողների դիպլոմային պաշտպանությունները տեղի են ունենում «ՀայՌուսգազարդ»-ում և լավագույն շրջանավարտներին հնարավորություն է տրվում աշխատանքի անցնել Ընկերության համակարգում:
Աբովյանի էներգետիկական քոլեջում հիմնականում պատրաստվում են ներտնային սպասարկման մասնագետներ եւ չափագետներ: Ըստ Ա. Հովսեփյանի, Ընկերությունը նպատակ ունի համագործակցել նաեւ շինարարական քոլեջի հետ: Այժմ բանակցություններ են տարվում եւ հավանաբար 2011 թվականին քոլեջում կսկսվեն աշխատանքներ՝ գազամատակարարման, գազիֆիկացման մասնագետներ պատրաստելու ուղղությամբ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36