«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մտադիր է բողոքարկել ՀԾԿՀ-ի որոշումը
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սեպտեմբերի 14-ի նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի նկատմամբ տուգանք կիրառելու հարցը:
Հանձնաժողովը հաշվի է առել, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի միջին ճնշման ստորգետնյա գազատարի արտահոսքի վերացման աշխատանքներն իրականացնելիս՝ «ՀայՌուսգազարդ»-ը խախտել է «Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների» (ԳՄՕԿ) 2.8 կետով սահմանված գազամատակարարման ընդհատման վերականգնման ժամկետը՝ 36 ժամը: Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածը` Հանձնաժողովը որոշել է ԳՄՕԿ-ի 2.8 կետը խախտելու համար տուգանքի ենթարկել «ՀայՌուսգազարդ»-ին 5 միլիոն դրամի չափով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն անհամաձայնություն է հայտնում ՀԾԿՀ-ի որոշման կապակցությամբ և մտադիր է բողոքարկել այն օրենքով սահմանված կարգով: Ընկերությունը ՀԾԿՀ-ին ներկայացրել է իր պարզաբանումները՝ նշելով, որ վերընշված գազատարի պրոֆիլակտիկ պլանային վերանորոգման աշխատանքները, ախտորոշումը և տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Գազի տնտեսությունում տարրերի տեխնիկական շահագործման կանոններ և աշխատանքի անվտանգության պահանջներ տեխնիկական կանոնակարգի» համաձայն և «Անվտագության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգով» սահմանված ժամկետներում: Գազատարի ստուգումը կատարվել է 2009 թվականին և գազատարի կիպությունը, խողովակաշարի մետաղի, կոռոզիոն և մեկուսացման վիճակը գնահատվել է բավարար: Այսինքն, հաշվի առնելով, որ նշված գազատարի հերթական ստուգումը նախատեսված է 2014 թվականին, պետք է ընդունել, որ գազատարի վթարը տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կամքից անկախ ստեղծված արտակարգ իրավիճակում և նման ֆորս մաժորային պայմաններում 36 ժամը բավարար չէր արտահոսքը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու համար: Նիստում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը նշել է, որ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի միջին ճնշման ստորգետնյա գազատարի վթարված 200 գծամետր երկարությամբ հատվածի շրջակա ինժեներական ստորգետնյա կոմունիկացիաներում (դիտահորերում), բնակելի շինությունների նկուղներում առկա է գազի արտահոսք, ինչը լուրջ վտանգ էր ներկայացնում բնակիչների համար և նման ֆորս մաժորային դեպքերում Ընկերությունը առաջնորդվում է սպառողների կյանքը և անվտանգությունը պահպանելու ՀՀ կառավարության վերը նշված որոշման պահանջով և սահմանված ժակետները չեն բավարարում վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման համար: Հանձնաժողովն առաջարկել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին քննարկման համար ներկայացնել ԳՄՕԿ-ի 2.8 կետի փոփոխությունների նախագիծ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն