ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն դեկտեմբերի 22-ին այցելել է Ծաղկաձորի նորաբաց «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիր:
Հանրապետության ղեկավարը ծանոթացել է «ՀայՌուսգազարդ» ընկերության «Ադիգազ» հանգստյան տան վերակառուցման ծրագրի շրջանակում «Մարիոթ» միջազգային բարձրակարգ հյուրանոցային բրենդի չափանիշներին համապատասխան վերակառուցված և «Մարիոթ» ընկերության կառավարմանն անցած հյուրանոցային այդ համալիրի պայմաններին, ծառայությունների որակին և ստեղծված աշխատատեղերին:Հյուրանոցային համալիրի կառուցման ծրագիրը մեկնարկել էր 2009 թվականի հունիսին և ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերին: Ներդրումների ծավալը կազմել է 32 մլն. ԱՄՆ դոլար և իրականացվել է վարկային միջոցներով:
«Ծաղկաձոր Մարիոթ»-ը ունի հյուրանոցային 100 սենյակ, համալիրում ընդգրկված են ծառայությունների և ժամանցի կազմակերպման ամենատարբեր առաջարկներ:
Համալիրի գլխավոր տնօրեն Սամվել Մանուկյանի խոսքերով, հյուրանոցը իսկապես բարձրակարգ ու մրցունակ ծառայություններ է առաջարկում զբոսաշրջության միջազգային շուկայում: Ծաղկաձորի բնակլիմայական պայմաններն ու ռելիեֆային դիրքը լավ նախապայմաններ են հատկապես ձմեռային զբոսաշրջությունը զարգացնելու և լեռնադահուկային հանգստավայրի լավագույն փաթեթներ առաջարկելու համար: Նա նաեւ նշել է, որ նմանատիպ հանգստավայրի համար «Ծաղկաձոր Մարիոթ» համալիրը տարածաշրջանում եզակի է:
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրում ներդրված են եզակի համակարգեր, այդ թվում տարածաշրջանում առաջին անգամ տեղադրված ավտոմատ հրդեհաշիջման «Hi Fog» համակարգ, հյուրանոցի շենքի կոմունիկացիաների կառավարման ավտոմատ համակարգ (BMS), հյուրերի հաշվառման և սպասարկման OPERA ծրագիր, խորհրդակցությունների անցկացման, համաժամանակյա թարգմանության և կառավարման ժամանակակից BOSCH անլար համակարգ, կյանքի անվտանգության ապահովման ձայնաազդանշանային ավտոմատ կառավարման միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող համակարգ:
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրը զբաղեցնում է 2,9 հա տարածք: Շենքի և շինությունների ընդհանուր տարածքը կազմում է 19,5 հազ. ք.մ:
Աշխատակիցների թիվը կազմում է 205 հոգի, որոնք հիմնականում Հրազդանի տարածաշրջանի բնակիչներ են:
«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի շահագործումը ևս մեկ առաջընթաց քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացումն ապահովելու և օտարերկրյա շուկաներում հայաստանյան զբոսաշրջային արդյունքը խթանելու համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ
- Հանձնաժողովը համաձայնություն տվեց «ՀայՌուսգազարդի» 2013–2015թթ. ներդրումային ծրագրին
- Դեկտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- Դեկտեմբեր ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմատվության միջին արժեքը
- 2012թ. տասնմեկ ամիսների ընթացքում գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 10476-ով