Հ.Թադևոսյան .«ՀայՌուսգազարդ»-ը շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներն իրականացնում է կանոնավոր եվ նպատակաուղղված կերպով
2013 թվականի հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում՝ «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցի կոնֆերանս-կենտրոնում տեղի է ունեցել Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) «Բնապահպանություն և առողջապահություն» աշխատանքային կոմիտեի նիստը՝ «Գազի արդյունաբերության օբյեկտներում բնապահպանական կառավարման համակարգի կիրառման արդյունավետության բարձրացում: Մշակման և ներդրման փորձը» թեմայով:
Եվրոպական գործարար կոնգրեսի (ԵԳԿ) «Բնապահպանություն և առողջապահություն» աշխատանքային կոմիտեի նիստը
Ի դեպ, սա ԵԳԿ-ի աշխատանքային կոմիտեների արդեն երկրորդ նիստն է, որն անցկացվում է այս տարի Հայաստանում: ԵԳԿ-ի Կոմիտեի նիստին մասնակցել և զեկույցներով հանդես են եկել «Գազպրոմ» ԲԲԸ, «Գազպրոմ դոբիչա Օրենբուրգ» ՍՊԸ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, «Օվերգազ Ինկ.» «Ֆրեկոմ», «Վեմեքս», «Այ Թի», Saturn Data International ընկերությունների, ԵԳԿ-ի քարտուղարության, ինչպես նաև Վ.Ի.Վերնադսկու անվան ոչ կառավարական բնապահպանական հիմնադրամի ներկայացուցիչները: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-գլխավոր ճարտարագետ Հրանտ Թադևոսյանը՝ ներկայացնելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցում. Ընկերության իրական քայլերը և սկզբունքային մոտեցումը» զեկույցը, մասնավորապես, նշել է. «ՀայՌուսգազարդ»-ը Հայաստանի տնտեսության խոշորագույն ներդրողներից է և իրականացրել է խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց թվում են հանրապետության լայնածավալ գազաֆիկացումը, Իրան-Հայաստան գազատարի կառուցումը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վերակառուցումը և արդիականացումը: Այսօր Հայաստանի գազաֆիկացման մակարդակը շուրջ 95 տոկոս է, բնական գազ են օգտագործում 591 բնակավայրեր: Նշեմ, որ գազասպառման մեջ զգալի մասնաբաժին ունեն ԱԳԼՃԿ-ները (գազալցակայաններ), ինչը պայմանավորված է բնական գազով աշխատող ավտոմեքենաների թվաքանակի աճով: Պետք է նշեմ, որ դա չափազանց կարևոր բնապահպանական նշանակություն ունի: Փորձագետների գնահատականով, որպես շարժիչային վառելիք բնական գազի օգտագործումը թույլ է տալիս էականորեն կրճատել վնասակար նյութերի արտանետումները, ինչը շատ կարևոր է մեծ քաղաքների ու խոշոր բնակավայրերի համար: Ընդգծեմ նաև, որ Հայաստանի լայնածավալ գազաֆիկացումը նույնպես դրական բնապահպանական արդյունք տվեց, քանի որ դրա շնորհիվ կանխվեցին ծառահատումները»: Խոսելով «Հրազդան-5»ից, նշվել է, որ էներգաբլոկի արտադրական պրոցեսում խստագույնս ապահովված են էկոլոգիական նորմատիվային պահանջները, մասնավորապես, կայանի ծխատար խողովակը նախատեսված է արտանետվող գազերի համար, որի արդյունքում բնապահպանական ծանրաբեռնվածությունը զգալիորեն նվազեցնում է ինչպես ջերմակայանի արտադրական տարածքում, այնպես էլ ամբողջ շրջակա միջավայրում: Հ. Թադևոսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը վավերացրել է Կիոտոյի արձանագրությունը 2003 թվկանին, և Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան 1993 թվականին: «Կիոտոյի արձանագրության համաձայն, թույլատրված է Մաքուր զարգացման մեխանիզմի նախագծերի իրականացումը, որոնք ուղղված են ջերմոցային գազերի (այդ թվում մեթանի) արտանետումների կրճատմանը: Հաշվի առնելով այն, որ «ՀայՌուսգազարդ»-ը շահագործում է նաև այնպիսի օբյեկտներ, որոնք հանդիսանում են ջերմոցային գազերի հնարավոր արտանետումների աղբյուր, ինչպես նաև իրականացնում է իր համապատասխան սարքավորումների արդիականացման և վերակառուցման ծրագիրը արտանետումների կրճատման նպատակով, ներկայում Ընկերությունը մասնակցում է Մաքուր զարգացման մեխանիզմի երկու նախագծերի իրագործմանը», — նշել է նա: Այսպիսով, ինչպես ընդգծել է Հ.Թադևոսյանը, էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման և էներգախնայող միջոցառումների իրականացման միջոցով «ՀայՌուսգազարդ»-ը նվազեցնում է շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունը, իսկ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված միջոցառումներն Ընկերությունն իրականացնում է կանոնավոր և նպատակաուղղված կերպով: Նիստին զեկույցով հանդես է եկել նաև «Գազպրոմի»-ի ներկայացուցիչ Օլեգ Սավչենկոն և նշել, որ «Գազպրոմ» ԲԲԸ-ի բնապահպանական քաղաքականության շրջանակում ստանձնած պարտավորություններից մեկը՝ Ընկերության գործունեության վերաբերյալ բնապահպանական տեղեկատվության լայն մատչելիության, բնապահպանական գործունեության և այդ ոլորտում ընդունվող որոշումների թափանցիկության ապահովումն է: «Ցանկանում եմ մեջբերել «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլերի հետևյալ թեզը. «Գազպրոմ»-ը ձգտում է նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի վրա տեխնածին ազդեցությունը: Ընդ որում կարևոր է ոչ միայն ապահովել ածխաջրածնային հումքի արդյունահանման, վերամշակման, փոխադրման և պահեստավորման օբյեկտների կառուցման և շահագործման էկոլոգիական անվտանգությունը, այլ նաև կարևոր է ժամանակի պահանջներին համահունչ համապատասխան տեղեկատվական քաղաքականության իրականացումը», — հայտարարել է Օ.Սավչենկոն: Նիստի ավարտին տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, արծարծված հարցերի ակտիվ քննարկում:
Տեղեկանք
Եվրոպական գործարար կոնգրեսը միջազգային ոչ կառավարական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը ստեղծվել է 1997թ. դեկտեմբերին Բոնն քաղաքում (Գերմանիա): ԵԳԿ կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բեռլինում: ԵԳԿ-ի կազմում ընդգրկված է 132 անդամ ԵԱՀԿ 25 երկրից: ԵԳԿ-ի նախագահն է «Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը:
ԵԳԿ-ի նպատակներից են՝ • աջակցել ԵԱՀԿ անդամ-երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը, • աջակցել ԵԱՀԿ տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, • ապահովել պայմաններ մասնավոր բիզնեսի եւ քաղաքական շրջանակների միջեւ մշտական երկխոսության համար:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն