—Ինչպես կգնահատեք «ՀայՌուսգազարդ»—ի գործունեությունն ընթացիկ տարում: Բավարար համարում եք առաջխաղացման դինամիկան: —Գազահամակարգի հուսալի և բնականոն շահագործումն ապահովելու համար յուրաքանչյուր տարի աշխատանքներ են իրականացվում ներդրումային ծրագրերում նախանշված բոլոր ուղղություններով: Մինիմալ ծախսերով արվում է առավելագույնը:
Գազի տնտեսությունը բոլոր առումներով շատ կարևոր և ծանրակշիռ ենթակառուցվածք է մեր երկրի համար, և այն պահպանելն ու զարգացնելը ռազմավարական առաջնահերթություն է: Բավարար են այդ նպատակով ուղղված միջոցներն ու համապատասխանաբար իրականացվող աշխատանքների ծավալը, իհարկե ոչ: Որովհետև 40 տարի և ավելի շահագործման մեջ գտնվող համակարգը պահանջում է բավականին լուրջ ներդրումներ ոչ միայն պահպանման, այլ նաև զարգացման համար: Բայց այսօր զուտ պահպանմանն ուղղված ներդրումներ են իրականացվում:
«ՀայՌուսգազարդ»—ը խոշոր գազաէներգետիկ ընկերություն լինելով հանդրերձ՝ նաև առանցքային դեր ունի Հայաստանի տնտեսական կյանքում, և բնականաբար չի կարող անմասն մնալ և չկիսել այն ռիսկերը, որ այսօր ծառանում են երկրի առաջ՝ սոցիալ-տնտեսական գործոններով, միջազգային շուկաներում տեղի ունեցող գործընթացներով պայմանավորված:
Տարին բարդ էր նաև, քանի որ ունեցանք սակագնի փոփոխություն, ինչը ոչ համարժեք արձագանքեր ստացավ հանրության որոշ հատվածի կողմից: Սակայն եթե իրատեսորեն գնահատենք, ապա սպառողի շահը միայն ցածր սակագինը չի որոշում, այլ նաև՝ գազահամակարգի անխափան ու հուսալի շահագործումը, ինչի մասին արդեն ասացի:
Օրինակի համար ուզում եմ նշել, որ Հայաստանը ժամանակ առ ժամանակ ունենում է գազամատակարարման դադարեցման խնդիր` ոչ մեզանից կախված, ինչ մասին մեր սպառողը կարող է տեղյակ լինել միայն տեղեկատվական հոսքերից, քանի որ գազամատակարարումը անխափան շարունակվում է, բնակչի տանը միշտ գազ կա, ձեռնարկատերը աշխատանքային պրոցեսում փոփոխություն չի կրում:
Եվ հենց այս փաստը հիմք է տալիս ասելու, որ մեր գազահամակարգը իր հզորություններով ու հնարավորություններով շատ հուսալի և կանխատեսելի է ներքին սպառողական շուկայի համար, ինչն էլ կարևորագույն գործոն է հանդիսանում տնտեսվարող սուբյեկտերի համար՝ իրենց տնտեսությունը պլանավորելու առումով, և որ ամենակարևորը՝ իր չափով լրացնում է երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը:
—Նշեցիք էներգետիկ անվտանգության մասին: Այն որպես առաջնահերթություն ներկայացված է Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության մեջ և գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: «ՀայՌուսգազարդ»—ն ինչ մասնակցություն ունի այդ ծրագրերում և ինչ աշխատանքներ է իրականացրել այդ ուղղությամբ:
—Վերջին տարիներին ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում այսօր ունենք առավելություններ, որոնք բնորոշում են էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը գազի համակարգի ենթակառուցվածքներում:
Իրան-Հայաստան գազատարը երկրորդ մուտքային գիծ է ապահովում Հայաստանի համար, ինչը գազամատակարարման ուղիների դիվերսիֆիկացիայի խնդիր է լուծում ֆորս-մաժորային պայմանների դեպքում:
Էներգետիկ անվտանգության ապահովման համատեքստում մեկ այլ կարևոր խնդիր է լուծում Աբովյանի ստորգետնյա գազապահեստը, որտեղ փուլային ծրագիր ենք իրականացնում՝ տարեց տարի ավելացնոլով պահեստավորվող գազի ծավաները:
Ունենալով երկու գազատար՝ երկրի հարավից և հյուսիսից, ինչպես նաև գազի ստորգետնյա պահեստավորման հզորություններ, միանշանակ կարող ենք փաստել, որ Հայաստանը չի զիջում տարածաշրջանի էներգետիկ պաշարներ ունեցող երկրներին:
—Պարոն Հարությունյան, եթե մի փոքր մանրամասնեք՝ ինչ ծավալի ներդրումների մասին է խոսքը և ինչ ծրագրեր են իրականացվել:
—Ընկերության ներդրումային ընդհանուր փաթեթը վերջին մի քանի տարիների ընթացքում կազմել է ավելի քան 900 մլն ԱՄՆ դոլար, որի գերակշիռ մասը՝ նկատի ունեցեք, իրականացվել է ֆինանսական ճգնաժամի տարիներին: Ուզում եմ նաև առանձնահատուկ ընդգծել մեր բաժնետիրոջ՝ «Գազպրոմի>> ղեկավարության ամիջական աջակցությունն այս հարցում, ով վստահեց և ընդառաջեց մեզ, որպեսզի մեր ծրագրերը կյանքի կոչվեն: Պետք է ընդգծեմ նաև, որ Հայաստանի անկախացումից հետո երկրում իրականացված ամենախոշոր շինարարական նախագծերը՝ Իրան-Հայաստան գազատարը, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը իրականացվել են „ՀայՌուսգազարդ“—ի ներդրումային ծրագրերի շրջանակում և էականորեն նպաստել են երկրի էներգետիկ անկախության ապահովմանը : Ինչ վերաբերում է 5-րդ էներգաբլոկին, ապա այն ամենամեծ ծրագիրն է մեր ներդրումային փաթեթում, և էներգիա արտադրող հզորությունների արդիականացման տեսանկյունից իրոք նոր խոսք է տարածաշրջանի գազաէներգետիկ ոլորտում: Ներկայումս Ընկերությունը համակողմանիորեն ներգրավված է էլեկտրաէներգետիկ համակարգում, զուգահեռաբար ծրագրեր ենք մշակում նաև արտահանման շուկաների ուղղությամբ: էլեկտրաէներգետիկան ընկերության ռազմավարական ծրագրերում երկրորդ կարևորագույն ուղղությունն է, որը գազամատակարարման հետ միասին գործունեության հավաքական արդյունք է ապահովում „ՀայՌուսգազարդ“—ի համար: Հանրապետության մասշտաբով Ընկերությունն այսօր տնօրինում է գազաէներգետիկ զգալի ակտիվներ, որոնք լուրջ պոտենցիալ և տնտեսական կապող օղակ են հանդիսանում տարածաշրջանային նշանակության էներգետիկ նախագծերին մասնակցելու համար: Ես համոզված եմ, որ այդ պոտենցիալից կշահի ոչ միայն մեր Ընկերությունը, այլ նաև մեր երկիրն ընդհանրապես:
—Պարոն Հարությունյան, Ընկերությունը հաջողությամբ իրականացրեց գազաֆիկացման ծրագիրը: Հետևելով ձեր տեղեկատվությանը, Հայաստանում այսօր բնական գազ է օգտագործում 590-ից ավելի քաղաքային ու գյուղական համայնք:
—Այո, գազաֆիկացման 95 տոկոս ցուցանիշով մեր երկիրն այսօր առաջատարներից է աշխարհում: Վարչատարածքային առումով ծրագիրը մենք հիմնականում ավարտված ենք համարում և ծրագրից դուրս են մնացել միայն այն համայնքները, որտեղ մեր կողմից կատարելիք ներդրումները տնտեսական, կոմերցիոն տեսանկյունից նպատակահարմար չեն: Այդպիսի մի շարք համայնքներում գազաֆիկացիան իրականացվում է կառավարական ծրագրերի միջոցով: Սակայն այսօր էլ ցանցը դեռ ընդլայնվում է, որովհետև այդ համայնքները նույնպես անցնում են մեր շահագործման դաշտ, բացի այդ, կառուցված գազաբաշխման ցանցը հնարավորություն է տալիս պոտենցիալ բաժանորդներին ևս դառանալ փաստացի գազասպառող:
Բոլոր դեպքերում, տնտեսական հաշվարկները ցույց են տալիս, որ բնական գազը շատ ավելի մատչելի էներգակիր է և սպառման ծավալի տեսակարար կշիռը իսկապես բարձր է մի շարք ոլորտներում: Մասնավորապես, վերջին 10 տարիներին որպես շարժիչային վառելիք, գազի սպառման ծավալներն ավելացել են ավելի քան 7 անգամ՝ 60 մլն խ. մ.-ից հասնելով միչև 420 մլն. խ.մ.: Համապատասխանաբար, եթե 2002թ. հանրապետությունում գործում էր 26 գազալցակայան, ապա այսօր այդ թիվը գերազանցում է 326-ը: Տարբեր գնահատականներով, հանրապետւթյան ավտոմոբիլային պարկի 50–60 տոկոսն արդեն անցել է գազի: Այսպես, Հայաստանի օրինակի վրա հաստատվում է փորձագիտական այն թեզը, որ բնական գազը 21-րդ դարի առավել հեռանկարային շարժիչային վառելիքն է: Այն ոչ միայն շահավետ է բենզինի օգտագործման համեմատ, այլ նաև բնապահպանական խնդիր է լուծում՝ էականորեն կրճատելով վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ:
—Յուրաքանչյուր օր „ՀայՌուսգազարդ“—ը պետական բյուջե է վճարում 100 մլն դրամ՝ պահելով խոշոր հարկատուների առաջատար դիրքեր: Որոնք են նախադրյալները:
— Ներկայումս „ՀայՌուսգազարդ“ ընկերությունը հանրապետության խոշորագույն ընկերությունների շարքում է՝ կանոնադրական կապիտալի, ակտիվների և հիմնական միջոցների մեծությամբ, և ինչպես նշեցիք, բյուջե կատարած վճարումներով՝ նույնպես: Իրականացված ներդրումային ծրագրերի արդյունքում բացի այն, որ այսօր ունենք երկրի տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող հզոր գազաէներգետիկ կառույցներ, այլև դրանց գործունեության արդյունքում ստեղծվել են նոր աշխատատեղեր, ավելացել են հարկային պարտավորությունները՝ իրենց բոլոր դրական հետևանքներով հանդերձ:
Շատ կարևոր և հատկանշական է մեր բաժնետիրոջ՝ „Գազպրոմ“—ի մասնակցությունը իրականացված ծրագրերում. բոլոր հնարավոր միջոցներն ուղղվել են ներդրումներին, այսօր ստեղծված է ենթակառուցվածքային լուրջ բազա, որի հիման վրա Ընկերությունը կարող է ծրագրավորված շարժվել առաջ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն