Գազի կալորիականությունն անհնար է արհեստականորեն փոփոխել. վարչապետ
Հանրությանը գազի կալորիականության վերաբերյալ պարզաբանումներ և հիմնավորումներ ներկայացնելու նպատակով կստեղծվի աշխատանքային հանձնաժողով, որում կներգրավվեն շահագրգիռ բոլոր կողմերը: Այս մասին փետրվարի 20-ի կառավարության նիստին հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` վերջին շրջանում հանրությունն ու տնտեսվարողները բարձրացնում են գազի կալորիականության խնդիրը` «չնայած տրված մասնագիտական տարբեր պարզաբանումներին»:
«Մենք պարտավոր ենք սպառիչ պատասխանել հնչեցված բոլոր հարցերին: Մասնագետները ներկայացրել են եզրակացություն առ այն, որ գազի կալորիականաությունն անհնար է արհեստականորեն փոփոխել, և այդ մասնագիտական եզրակացությունն անհրաժեշտ է ավելի հանրամատչելի ներկայացնել հանրությանը», — ասաց Տիգրան Սարգսյանը: Հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն էլ նշեց, որ բազմիցս սպառիչ պատասխաններ են տրվել գազի կալորիականության խնդրի հետ կապված: Նրա խոսքով` 1 խմ գազի ջերմատվության նվազագույն չափը 7900կ/կալորիա է, սակայն «ֆիզիկական և իրավաբանական անձինք շարունակում են պնդել, որ գազի կալորիականությունն ավելի ցածր է»: Նազարյանի խոսքով` Հայաստան ներկրվող գազի կալորիականությունը չափվում է սահմանին, բացի այդ` չորս տնտեսվարողներ ունեն գազի կալորիանականությունը ստուգող սարքավորումներ` «ՀայՌուսգազարդը», Արարատի ցեմենտի գործարանը, Հրազդանի և Երևանի ջէկերը, սակայն «այդ տվյալները չեն բավարարում առանձին տնտեսավարողներին»: Նազարյանը նշեց նաև, որ անցած տարվա մայիսին գործարարների հետ հանդիպմանն առաջարկվել էր համատեղ ուժերով ձեռք բերել գազի կալորիականությունը ստուգող սարքավորումներ, որոնց գինը տատանվում է $20–60 հազ. սահմաններում, սակայն մինչ այժմ այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն