«Գազպրոմ Արմենիա»-ն՝ երեխաներին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հերթական բարեգործական ծրագիրն իրականացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Երկար տարիների ընթացքում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ Արցախի կրթական մի շարք հաստատություններին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից փոխանցեցին բազմատեսակ մարզական գույք, համակարգիչներ և հեռուստացույցներ:

Աստղաշեն գյուղի աշակերտները ստանում են «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից տրամադրած նվերները

«Գազպրոմ Արմենիա»-ն՝ երեխաներին


Այս տարվա այցելությունն առանձնակի էր նրանով, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որոշեց աջակցել Լեռնային Ղարաբաղի մասնավորաբար գյուղական համայնքների դպրոցներին: Ընկերության կողմից նվերներ ստացան Ասկերանի շրջանի Նախիջևանիկ, Աստղաշեն, Խնձրիստան և Խնածախ համայնքների կրթօջախները:

Դպրոցների տնօրենների խոսքով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բարեգործական այս նախաձեռնությունը չափազանց կարևոր է և նշանակալի, քանի որ գյուղական համայնքների դպրոցներն իսկապես մարզական գույքի և համակարգիչների մեծ կարիք ունեն: «Օրինակ, կահույք մենք վերջերս ստացել էինք, բայց մարզական գույք՝ ոչ: Դպրոցում կան հատուկենտ գնդակներ, մարզական գույքից գրեթե ոչինչ չունենք: Իսկ այսուհետ երեխաների համար կարող ենք բնականոն մարզական դասընթացներ կազմակերպել», — ընդգծեց Նախիջևանիկի դպրոցի տնօրենը:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության համար անփոփոխ է մնացել ընկերության վաղեմի բարեկամ՝ Ստեփանակերտի երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 1 գիշերօթիկ հաստատություն այցելելու ավանդույթը: Ինչպես նախկինում, այս տարի նույնպես հաստատության սաները բացի մարզական գույքից, համակարգչից և հեռուստացույցից ստացան բազմազան խաղալիքներ: Ընկերության աշխատակիցները նվերներ փոխանցեցին նաև Ստեփանակերտի թիվ 9 հիմնական դպրոցին և Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցին:
«Գազպրոմ Արմենիա»-ի մեքենան Ստեփանակերտի թիվ 9 հիմնական դպրոցի մոտ

«Գազպրոմ Արմենիա»-ն՝ երեխաներին


Շարունակելով բարեգործական առաքելությունը, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նվիրատվություն կազմակերպեց նաև Հայաստանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ և կրթական մի շարք հաստատությունների համար: «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից նվերներ ստացան Գյումրու, Գավառի, Վանաձորի մանկատների, ինչպես նաև «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի սաները:

Հայաստանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների երեխաները սպասում են նվերներին

«Գազպրոմ Արմենիա»-ն՝ երեխաներին


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն՝ լինելով Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը, ավելի քան 10 տարի իրականացնում է սոցիալական նշանակության տարբեր ծրագրեր կրթական, մշակութային և մարզական ոլորտներում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am