«Տրանսգազ» ՍՊԸ-ն հերթական ուսումնական վարժանքներն է անցկացրել Վանաձորում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է ուսումնական վարժանքներ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնց մասնակցել են «Տրանսգազ»-ի Վանաձորի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խումբը, հրշեջ ծառայության մարտական հաշվարկ և շտապօգնության բրիգադ:
Վարժանքների ընթացքին հետևել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Տրանսգազ» ՍՊԸ-ի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ներկայացուցիչները:
Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Վանաձորի ԳՇՄ-ի պետի հրահանգով ձևավորվել է վթարային խումբ, որի առջև դրված է եղել սեղմ ժամկետներում դեպքի վայր մեկնելու, մինչև հրշեջների ժամանելը հրդեհաշիջման հնարավոր միջոցներ ձեռնարկելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու առաջադրանք:
Վարժանքների մեկ այլ սցենարով, մայրուղային գազատարի հատվածներից մեկում հայտնաբերել էր վթար՝ գազի արտահոսքով, իսկ Վանաձորի ԳՇՄ-ի վթարային խումբն իրականացրել էր վթարի վերացման աշխատանքներ՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:
Ինչպես նշեց ուսումնական վարժանքների ղեկավար՝ Վանաձորի ԳՇՄ-ի պետի տեղակալ Մանուկ Տերտերյանը, վթարային խումբը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները: «Մեր մասնագետների այսօրվա աշխատանքը գնահատում եմ „լավ“, սակայն կցանկանայի, որպեսզի հետագայում գնահատականը լիներ գերազանց», — ասել է նա:
Իր հերթին «Տրանսգազ» ՍՊԸ-ի գազափոխադրման համակարգի շահագործման և սպասարկման բաժնի անվտանգության տեխնիկայի գծով գլխավոր մասնագետ Աշոտ Քալաշյանը, գնահատելով ուսումնական վարժանքների արդյունքները, նշել է, որ վթարային խմբի մասնագետները ցուցաբերել են մասնագիտական բարձր պատրաստավածություն վթարային տարբեր իրավիճակների հետևանքները վերացնելու գործում, և նրանց աշխատանքն արժանի է լավ գնահատականի:
Ուսումնական վարժանքների ավարտից հետո Վանաձորի գծային շահագործման մասնաճյուղում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են վարժանքների կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր, ամփոփվել դրանց արդյունքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 921 ԿԲ)