«Տրանսգազ» ՍՊԸ-ն ավարտել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում վարժանքների առաջին փուլը

«Տրանսգազ» ՍՊԸ-ն ավարտել է գազափոխադրման համակարգի օբյեկտներում անցկացվող ամենամյա ուսումնական վարժանքների առաջին փուլը: 2015 թվականի առաջին կիսամյակի եզրափակիչ վարժանքները կազմակերպվել են Սյունիքի մարզում՝ «Տրանսգազ»-ի Գորիսի գծային շահագործման մասնաճյուղի (ԳՇՄ) վթարային խմբի մասնակցությամբ:

Երկօրյա ուսումնական վարժանքներն անցել են տարածաշրջանի գազաբաշխիչ կայաներից (ԳԲԿ) մեկի տարածքում և Իրան-Հայաստան մայրուղային գազատարի հատվածներից մեկում:

Վարժանքների մասնակիցների առջև դրված է եղել առաջադրանք՝ վերացնել հրդեհի բռնկմամբ վթարը և արտահոսքը գազատարում, ցուցադրել վթարային աշխատանքների կատարման հմտությունները, անվտանգության տեխնիկայի տիրապետումը, միմյանց և օժանդակ ծառայությունների հետ օպերատիվ ու համակարգված փոխգործակցությունը:

Ուսումնական վարժանքների առաջին օրվա սցենարով Գորիս քաղաքի մոտակայքում գտնվող «Նորավան» ԳԲԿ-ում տեղի էր ունեցել վթար հրդեհի բռնկմամբ: Արտակարգ դեպքի մասին ահազանգ ստանալուց հետո Գորիսի ԳՇՄ-ի պետի հրահանգով ձևավորվել է վթարային խումբ, որն օպերատիվ մեկնել է դեպքի վայր, տեղում ձեռնարկել հրդեհաշիջման միջոցներ, մինչև շտապօգնության բրիգադի ժամանելը տուժածներին ցուցաբերել առաջին օգնությունը: Վարժանքների երկրորդ օրվա սցենարով, Իրան-Հայաստան 700 մմ տրամագծով մայրուղային գազատարում հայտնաբերվել է գազի արտահոսք: «Տրանսգազ»-ի վթարային խմբի աշխատանքը բարդացնում էր այն, որ, ըստ սցենարի, դեպքը տեղի էր ունեցել գազատարի բարձրադիր հատվածներից մեկում:

Գորիսի ԳՇՄ-ի մասնագետները սեղմ ժամկետներում վերացրել են արտահոսքը՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:

Ուսումնական վարժանքների արդյունքներով անցկացված խորհրդակցությանը նշվել է, որ Գորիսի ԳՇՄ-ի վթարային խումբը ցուցադրել է մասնագիտական բարձր ունակություններ արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելիս, ինչպես նաև «1–01», «1–02» և «1–03» ծառայությունների հետ փոխգործակցության բարձր մակարդակ:

Տեղեկանք

«Տրանսգազ» ՍՊԸ —ի ԳՇՄ-ների վթարային խմբերի ուսումնական վարժանքներն անցկացվում են տարեկան երկու անգամ՝ գազափոխադրման համակարգի օբյեկտներում, որոնք գտնվում են Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում:

«Տրանսգազ» ՍՊԸ ն՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸի դուստր ընկերությունն է: «Տրանսգազ»-ի գործունեության հիմնական տեսակներն են՝

  • բնական գազի տեղափոխում,
  • տեղափոխվող եւ պահեստավորվող բնական գազի հաշվառում,
  • գազի ստորգետնյա պահեստարաններում բնական գազի ներմղում, պահեստավորում եւ բացթողում:



Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am