Գազաշարժիչային վառելիք. մատչելի, էկոլոգիապես մաքուր և անվտանգ

Հայաստանն այսօր առաջատար դիրք է գրավում աշխարհի այն երկրների շարքում, որոնք բնական գազն օգտագործում են որպես շարժիչային վառելիք: Հանրապետության ավտոմեքենաների պարկի ավելի քան 77% աշխատում է սեղմված բնական գազով:

Գազաշարժիչային վառելիքի շուկայի ակտիվ զարգացմանը նպաստել է Գազմատակարարման վերականգնման և գազիֆիկացիա ծրագիրը, որն 1998–2011 թվականներին իրականացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, այն ժամանակ՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի խոսքերով, ընկերության որդեգրած աշխատաոճի շնորհիվ սեղմված բնական գազի շուկան ամբողջությամբ ազատականացված է, ինչը իր հերթին նպաստում է շուկայի ընդլայնմանը: 2001- 2014 թթ. գազի սպառման ծավալները աճել են ավելի քան 16 անգամ՝ 29 մլն խ.մ-ից մինչև 480 մլն խ.մ տարեկան:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը, իր հերթին նշել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բավական ճկուն և շատ արագ ստեղծեց համապատասխան ենթակառուցվածք սեղմված բնական գազի շուկայի զարգացման համար: Իսկ բաժանորդը և բիզնեսը, ըստ նրա, ինքն է ընտրում սեղմված բնական գազը որպես շարժիչային վառելիք՝ հաշվի առնելով մատչելիությունը բենզինի և դիզվառելիքի նկատմամբ:

Հասարակական, կոմունալ, բեռնատար, գյուղատնտեսական և մասնավոր տրասնպորտի անցումը սեղմված բնական գազի, ինչպես նաև շարժիչային վառելիքի պահանջարկի ավելացումը հանգեցրել է բնական գազի սպառման ծավալների ավելացմանը տրանսպորտի հատվածում: Այսօր հանրապետությունում իրացվող գազի շուրջ 25% բաժին է ընկնում ԱԳԼՃԿ-ների:

Ռեկորդային՝ 96% գազիֆիկացված Հայաստանը, շուտով կարող է հասնել այդ ցուցանիշին նաև գազաշարժիչային վառելիքի սպառման ոլորտում: Այսօր հասարակական տրանսպորտը երկրի բոլոր մարզերում գրեթե ամբողջությամբ անցել է բնական գազի, ինչը էականորեն նվազեցրել է տնտեսվարող սուբյեկտների և բնակչության տրանսպորտային ծախսերը. փոխադրման ընկերությունների սեփականատերերը կրճատել են վառելիքի ծախսերը, իսկ ուղևորները՝ խուսափել ուղեվարձի թանկացումից:

Ներկայում հանրապետության տարածքում գործում են 360 ԱԳԼՃԿ-ներ, որից ավելի քան 30-ը՝ մայրաքաղաքում: Գազալցակայանների զարգացած ենթակառուցվածքը հնարավորություն է տալիս մեքենաները լիցքավորել բնական գազով հանրապետության ցանկացած շրջանում:

Առաջին ԱԳԼՃԿ-ն Հայաստանում բացվել էր 1986 թ. Երևանի արվարձաններից մեկում: Կայանը աշխատում է մինչ այսօր: 90-ական թվականների սկզբին հանրապետության տարածքում գործել է 4 ԱԳԼՃԿ, իսկ բնական գազի սպառման տարեկան ծավալն այդ կայանների կողմից կազմել է շուրջ 650 հազ խոր.մ:

Մատչելի

Տարիներ առաջ Հայաստանը դարձավ գազաշարժիչային վառելիքի սպառման մասով առաջիններից մեկը, և այսօր բնական գազի օգտագործումը մրցակցությունից դուրս է բենզինի և դիզվառելիքի համեմատ: Դրա հիմնական պատճառը այն է, որ բնական գազի օգտագործումը զգալիորեն կրճատել է մեքենաների սեփականատերերի շարժիչային վառելիքի ծախսերը՝ նկատելի տնտեսումներ բերելով անձնական բյուջե:

էկոլոգիապես մաքուր

Բնական գազը էկոլոգիապես ամենամաքուր վառելիքն է, մեթանով աշխատող տրանսպորտի արտանետումները բենզինի կամ դիզվառելիքի համեմատ 60 տոկոսով ավելի քիչ վնասակար են առողջության համար: Շմոլ գազի արտանետումները նվազում են 10 անգամ, օդի աղտոտվածությունը՝ 9 անգամ, իսկ մրի, ծծումբի և կապարի միացությունները ընդհանրապես բացակայում են:

Բնապահպանության Միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Կարինե Դանիելյանի խոսքերով, բնական գազի օգտագործման ընթացքում տեղի է ունենում գազի լրիվ այրում, զգալիորեն նվազում է կողմնակի նյութերի արտանետման մակարդակը: Բայց ամենակարևորը, ըստ բնապահպան փորձագետի, չեն առաջանում ցիկլիկ ածխաջրածիններ, որոնք ունեն շատ լուրջ մուտագեն և կանցերոգեն ազդեցություն: Այդ իսկ պատճառով սեղմված բնական գազը` որպես ավտովառելիք շատ ողջունելի է:

Անվտանգ

Բնական գազի ևս մեկ առավելությունը կայանում է նրանում, որ նա պատկանում է ամենաանվտանգ վառելիքի դասին: Մեթանը 2 անգամ թեթև է օդից և արտահոքի դեպքում արագ օդ է ցնդում: Պայթյունի կամ կրակի բռնկվելու դեպքում անհրաժեշտ է գազի և օդի խարնուրդի առաջացում: Բալոնում Ճնշման տակ գտնվող գազը բացառում է օդի ներթափանցման հնարավորությունը, այն դեպքում, երբ բենզինի կամ դիզվառելիքի բաքերում միշտ առկա է օդի և գոլորշու խարնուրդ:

Գազը նաև բարձրացնում է մեքենայի շարժիչի աշխատանքի հնարավորությունները. այրման ժամանակ չեն գոյանում պինդ մասնիկներ և մոխիր, որոնք բերում են շարժիչի մխոցի մաշվածությանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am