Հրանտ Թադևոսյանը ներկայացրեց գազի սակագնի վերանայման հայտի հիմնավորումը

Հունիսի 19-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած նիստի ընթացքում քննարկվեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի բաշխման սակագների և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից բնական գազի փոխադրման սակագնի սահմանման վերաբերյալ հարցերը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում ներկայացրեց գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու դրդապատճառն ու հիմնավորումը։

Ըստ Հ.Թադևոսյանի՝ 2016 թվականից մինչև այսօր գործում է նույն սակագինը։ «ՀՀ սահմանին գազը գնում ենք 1000 խմ-ն 165 դոլարով և վաճառում ենք միջին սակագնով՝ 255 դոլարով։ Տարբերությունն 90 դոլար է, որից մոտ 43 դոլարն ավելացված արժեքի հարկն է, որը հետ է վերադարձվել բյուջե։ „Գազպրոմ Արմենիային“ մնացել է 47 դոլար՝ 255 դոլարից։ Սա ուզում եմ փաստենք։ Դրա մեջ 12 դոլար եղել է կորուստը, 19 դոլար՝ աշխատավարձը, և մնացած 16 դոլարով պետք է ծածկեինք մաշվածություն, շահագործում, շահույթ և այլն, ինչն անիրական է: Սա հիմքը:», — ասաց նա։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը նշեց, որ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերը բացառապես նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի համաձայն շահագործելու և մինչև 2030 թվականը շուրջ 230 մլրդ դրամի կամ 480 մլն դոլարին համարժեք ներդրումային ծրագիր իրականացնելու համար «Գազպրոմ Արմենիան» հաշվարկել է 60,8 մլրդ դրամի մարժա։ «Ուզում եմ մեկ անգամ ևս հնչեցնել, որ ներկա գործող սակագնով փոխհատուցվող չափը կազմում է 28,6 մլրդ դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկել է 47,6 մլրդ դրամ կամ որը եթե վերածենք գազի միջին սակագնի՝ 266,7 դոլար միջին սակագին։ Այսինքն՝ մեր ներկայացված մարժան նվազեցվել է 13,2 մլրդ դրամով կամ 22 տոկոսով»:

Ըստ Հ.Թադևոսյանի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն ընդունելի է համարում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտեցումը՝ բարձրացնելու հասանելիք մարժան ներկայիս 28,6 մլրդ դրամից։ Սակայն դա ոչ բավարար է ՀՀ կառավարության և ՀԾԿՀ որոշումներով նախատեսված «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար նախատեսված պարտավորությունների ամբողջական և պատշաճ կատարելու համար։

«Մեր կարծիքով՝ ՀԾԿՀ-ի կողմից առաջարկված 266,7 դոլար միջին սակագինը՝ 1000 խմ-ի համար պետք է սահմանվի ոչ պակաս, քան 275 դոլար: Հիշեցնեմ, որ գործող սակագինը 255 դոլար է, իսկ մեր հայտը՝ 283 դոլար», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը:

«Ուստի, հասկանալով, որ ՀԾԿՀ-ն հակված չէ վերանայել իր դիրքորոշումը, „Գազպրոմ Արմենիա“ ընկերությունը խնդրում է սույն որոշումն ընդունելուց հետո հնարավոր սեղմ ժամկետում համապատասխան գրությամբ ներկայացնել նվազեցման հիմնավորումները: Մասնավորապես տրամադրվեն կրճատվող շուրջ 1500–2000 աշխատողների հաստիքները և 50 տոկոս կրճատված հումք և նյութերի անվանացանկը, հստակեցնելու համար թե լիցենզիայով նախատեսված աշխատանքների որ տեսակներն են կրճատվում, որպեսզի այդ աշխատանքների կազմակերպման և իրականացման հետ կապված կանխատեսվող խնդիրները ՀԾԿՀ-ի հետ լրացուցիչ քննարկվեն և տրվեն լուծումներ:», —իր ելույթն եզրափակեց Հ. Թադևոսյանը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am