Հ.Թադևոսյան. «Ներդրումային առաջադրանքների իրագործումը մեզ հնարավորություն կտա շարժվել զարգացման ճանապարհով»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, Հրազդան-5 և Ուսումնասպորտային համալիր հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2020 թվականի առաջին կիսամյակի արտադրա-տնտեսական և ֆինանսական գործունեության արդյունքները:
Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը անդրադառնալով ընկերության գործունեության հիմնական ուղղություններին, նշեց, որ հուլիսի 19-ից ուժի մեջ կմտնի բնական գազի սակագների վերաբերյալ ՀԿԾՀ-ի որոշումը: Ըստ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի, առաջիկա տարիների համար Ընկերությունն ունի խոշորածավալ ներդրումային ծրագիր՝ շուրջ 230 մլրդ դրամ ծավալով: Ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակներում: «Ներդրումային առաջադրանքների իրագործումը մեզ հնարավորություն կտա շարժվել ինչպես զարգացման ճանապարհով, այնպես էլ համակարգը ներկա վիճակից հնարավորինս համապատասխանեցնել միջազգային ցուցանիշներին», — նշեց Հրանտ Թադևոսյանը:
Կարևորելով «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» սահմանային հատվածի 15 կիլոմետրանոց մասի վրա կատարված աշխատանքները, Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը հատկանշեց, որ 1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, գազատարի այդ հատվածի զննման ու անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չէր եղել իրականացնել: Կատարված աշխատանքների արդյունքում գազամատակարարման հուսալիության բարձրացմանը զուգահեռ որոշակի խնդիր է լուծվում նաև գազափոխադրման համակարգում կորուստների նվազեցման ուղղությամբ:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը ներկայացնելով ընկերության արտադրական գործունեության արդյունքները, նշեց, որ գազափոխադրման և գազաբաշխման համակարգի կապիտալ նորոգման պլանով նախատեսված առաջին կիսամյակում կատարվել են շուրջ 487.2 մլն դրամ ծավալով աշխատանքներ՝ այդ թվում մայրուղային գազատարերի կապիտալ նորոգում՝ հակակոռոզիոն մեկուսիչ ծածկույթի փոխարինմամբ, Աբովյանի ԳՍՊԿ գազահորերի համալիր ախտորոշում, գազաբաշխման համակարգի գազատարերի կապիտալ նորոգում, գազաբաշխման համակարգի ստորգետնյա գազատարերի հետազոտություն և բացահայտված թերությունների վերացում, այլ միջոցառումներ:
Ըստ Աշոտ Հակոբյանի, ներդրումային ծրագրի իրականացման մասով առաջին կիսամյակում կատարվել են 477.2 մլն դրամ ծավալով ներդրումներ, որից 433.8 մլն դրամ՝ գազաբաշխման համակարգում, 43.4 մլն դրամ՝ գազափոխադրման համակարգում, 5.9 մլն դրամ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկում:
Բնական գազի իրացման և բաշխման գծով զեկուցվել է, որ առաջին կիսամյակում իրացվել է շուրջ 1079,1 մլն խ.մ բնական գազ՝ 76,9 մլն ավելի նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ:
Բնակիչ-բաժանորդների կողմից սպառված գազի դիմաց գումարների հավաքագրման առաջադրանքի կատարման ցուցանիշները դրական են:
Հրանտ Թադևոսյանը իր գոհունակությունը հայտնելով կատարված աշխատանքի կարգապահության վերաբերյալ, ընդգծեց, որ հավաքագրման առումով արձանագրված է իրապես բարձր ցուցանիշ՝ հաշվի առնելով նաև համաճարակի հետևանքով առաջացած բարդությունները:
Կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ տեղեկություններ ներկայացրել են նաև ֆինանսական, կապիտալ շինարարության և կոմերցիայի գծով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 886 ԿԲ)