«Նողկալի և ողորմելի» ապատեղեկատվություն՝ ռազմական դրության պայմաններում
«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում տեղ գտած հրապարակումը՝ «Պատերազմի շահառուն» վերտառությամբ, որն առնչվում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, համարում ենք անընդունելի և միաժամանակ ընդգծում, որ առնվազն տարակուսելի է, թե այդ «նողկալի և ողորմելի» ապատեղեկատվությամբ ինչ խնդիր է լուծում լրատվամիջոցը ներկա ռազմական դրության պայմաններում:
Հաշվի առնելով այն փաստը, որ ինչպես այս, այնպես էլ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության հետ առնչվող շատ այլ լուրեր լրատվամիջոցը նախընտրում է մեկնաբանել միակողմանի և իր շահերին հարիր, հարկ ենք համարում տեղեկացնել, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային մասնաճյուղերը ունեն ներքին հրահանգ՝ վերականգնել «փակ դռների» կամ պարտքի պատճառով դադարեցված գազամատակարարումը բոլոր այն բնակարաններում կամ տներում, որտեղ ապաստանում են այս օրերին Հայաստան ժամանող Արցախի Հանրապետության քաղաքացիները:
Ինչ վերաբերում է պատերազմական պայմաններում համախմբված աշխատելու և բոլոր հնարավոր ջանքերը մեկ ընդհանուր գաղափարին՝ Հաղթանակին ծառայեցնելու նպատակադրմանը, ապա «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լուռ, առանց հանրայնացման իր ծանրակշիռ մասնակցություն է ներդնում՝ մարդկային ռեսուրսներով, տեխնիկական միջոցներով և ֆինանսական աջակցությամբ, այդ թվում նաև իր բալանսում գործող ուսումնական համալիրի և հյուրանոցի հնարավորություններն օգտագործելով ՝ առանց բարձրաձայնելու և առանց թվեր մատնանշելու:
Մեր համոզմամբ, նման հրապարակումներն են այսօր խեղում միասնական դարձած բռունցքը՝ ցույց տալով այն ականջները, որոնք փորձում են որոշակի շահեր հետապնդել:
Հարկ ենք համարում նշել նաև, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հանգամանքների պարզաբանումը կվիճարկի դատական կարգով ՝ ռազմական դրության ավարտից հետո: