2020 թվականին 2,5 անգամ ավելացել է թեժ գծով ստացված զանգերի քանակը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Թեժ գծով» և պաշտոնական կայքի հետադարձ կապի միջոցով ստացված հեռախոսազանգերի, դիմումների, բողոքների և առաջարկությունների քանակը 2020 թ. ավելացել է ավելի քան 2.5 անգամ՝ 2019 թ. համեմատ: 2020 թ. «Թեժ գծով» ստացվել է 4181 զանգ, «Հետադարձ կապ»-ով՝ 1217 դիմում: 2019թ. ՝ 1643 զանգ, 448 դիմում:
Ստացված զանգերի և դիմումների գերակշիռ մասը վերաբերում է բնական գազի սակագների, արտակարգ դրության պայմաններում սպառած գազի դիմաց պարտքի մարման ժամանակացույց կազմելու, գազաֆիկացման և ներտնային տեխնիկական սպասարկման աշխատանքների հետ կապված հարցերին:
Հետադարձ կապի տեղեկության բովանդակային վերլուծության արդյունքներով կատարվել է նաև սպառողների կարիքների գնահատում: Առանձնացվել են բաժանորդների ակնկալիքները ներկայացնող մի շարք առաջարկներ, մասնավորապես ծառայությունների մատուցման որակի բարձրացման, մատակարար-բաժանորդ երկկողմանի հաղորդակցությունն ավելի հասանելի դարձնելու, վճարային գործարքների ընթացքին հետևելու համար ավելի հարմարավետ հարթակներ ստեղծելու առումով և այլն:
Կարևորելով Ընկերության գործունեության հանդեպ հանրային վստահության խթանումը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շահագրգիռ է իրականացնել համապատասխան միջոցառումներ և ներդնել անհրաժեշտ գործիքներ՝ մատակարար-բաժանորդ շղթայում նոր որակի հարաբերություններ կառուցելու նպատակով:
Հարկ է նշել, որ Ընկերության «Թեժ գծի» կատարելագործման նպատակով Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունում արդեն ներդրվել և գործում է հեռախոսազանգերի կառավարման ժամանակակից համակարգ, որն ընդլայնել է հնարավորությունները միաժամանակյա զանգերի սպասարկումը ապահովել ինչպես առցանց ռեժիմում, այնպես էլ ձայնային հաղորդագրություն թողնելու միջոցով: