24/7 ռեժիմով. 1–04 վթարակարգավարական ծառայությունն իրականացնում է պատասխանատու եվ բարդ աշխատանք

Բաժանորդների հուսալի և անվտանգ գազամատակարարման ապահովումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գործունեության առաջնահերթություններից է։ Ընկերության կազմում շուրջօրյա ռեժիմով գործում է 1–04 վթարակարգավարական ծառայությունը։ Օրվա ցանկացած ժամի, տոնական և աշխատանքային օրերին ծառայության մասնագետները պատրաստ են հասնել օգնության, օպերատիվորեն վերացնել կամ կանխարգելել վթարային իրավիճակները: Բնակելի շենքերում և առանձնատներում, տարբեր կազմակերպություններում և հանրային օբյեկտներում գազի հոտի առկայության, արտահոսքի, գազասպառման համակարգի հետ կապված մի շարք այլ խնդիրների դեպքում 1–04 ծառայության խմբերը սեղմ ժամկետներում ժամանում են կանչի վայր։




«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Երևանի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղի (ԳԳՄ) 1–04 վթարակարգավարական ծառայության պետ Համլետ Մանուկյանի խոսքով, իրենց աշխատանքը պատասխանատու է և միաժամանակ բարդ, քանի որ վթարային խմբերը հաճախ ստիպված են գործել քաղաքային երթևեկության ծանրաբեռնվածության պայմաններում, իսկ օպերատիվությունն իրենց աշխատանքում կարևոր գործոն է։ 



Ըստ ՀՄանուկյանի, օրական ավելի քան 400 հեռախոսազանգ է գրանցվում 1–04 վթարակարգավարական ծառայությունում, իսկ կանչերով այցերի քանակը մեկ օրվա ընթացքում միջինը կազմում է 50։



Երևան քաղաքում շուրջօրյա օպերատիվ հերթապահություն է իրականացնում վթարակարգավարական ծառայության 6 խումբ՝ հագեցված անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, այդ թվում՝ գազի արտահոսքի հայտնաբերման էլեկտրոնային սարքերով:



Վթարային իրավիճակը կանխելու նպատակով, երբ, օրինակ, բնակարանում առկա է բնական գազի արտահոսք, 1–04 ծառայության կարգավարները հրահանգավորում են բաժանորդին՝ ինչպես գործել մինչև վթարային խմբի ժամանելը։ Իսկ խմբի մասնագետներն արդեն տեղում վերացնում են արտահոսքն ու անսարքությունը կամ տեղայնացնում խնդիրը, որն այնուհետև կարգավորում են տարածքային արտադրական-շահագործման ծառայության համապատասխան աշխատողները կամ գազասպառման ներտնային սպասարկում իրականացնող անձնակազմը:





Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am