Հրանտ Թադևոսյանը մասնակցել է Նավթի և գազի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված սելեկտորային խորհրդակցությանը
Օգոստոսի 31-ին «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել Նավթի և գազի արդյունաբերության աշխատողների օրվան նվիրված։
Խորհրդակցության ընթացքում իրենց ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել «Գազպրոմ դոբիչա Նոյաբրսկ» ՍՊԸ, «Գազպրոմ դոբիչա Յուժնո-Սախալինսկ» ՍՊԸ, «Գազպրոմ տրանսգազ Սանկտ Պետերբուրգ» ՍՊԸ, «Գազպրոմ տրանսգազ Մոսկվա» ՍՊԸ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազստրոյպրոմ» ԲԸ ղեկավարները։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը շնորհավորել է գործընկերներին մասնագիտական տոնի առթիվ և նշել, որ «Գազպրոմ»-ում աշխատում են իսկական պրոֆեսիոնալներ, իրենց գործին նվիրված մարդիկ, և «Գազպրոմ Արմենիա»-ն հպարտ է, որ մաս է կազմում այդ մեծ թիմին և ընդհանուր աշխատանքին։
«Մենք կատարում ենք ամենօրյա, քրտնաջան և բարդ աշխատանք, որի գլխավոր արդյունքը մեր սպառողներին էներգակիրների անխափան և հուսալի մատակարարումն է, լույսը և ջերմությունը մարդկանց տներում։ „Գազպրոմ“-ի ներկայությունը Հայաստանում՝ ի դեմս իր դուստր ընկերության, երկրի գազաէներգետիկ համակարգի հետագա զարգացման, հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման, սոցիալ-տնտեսական աճի խթանման երաշխիք է։ Ցանկանում եմ նաև նշել, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից միշտ ընդգծվել է „Գազպրոմ“—ի առանցքային դերակատարումը հայ-ռուսական միջկառավարական հարաբերությունների և էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության դինամիկ զարգացման ու ամրապնդման գործում», — ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը։
Հրանտ Թադևոսյանը նշել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի առջև դրված բոլոր օրակարգային խնդիրները և հարցերը այսօրվա դրությամբ լուծված են։ «Ամենագլխավորն այն է, որ „Գազպրոմ“-ի գործուն աջակցությամբ մեզ հաջողվել է ապահովել կայունություն մեր գործունեության բոլոր ուղղություններով։ Առջևում մեծ աշխատանք է սպասվում՝ „Գազպրոմ Արմենիա“—ն առաջիկա տարիների համար ունի խոշոր ներդրումային ծրագիր, իսկ ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի շրջանակներում», — ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն