Հոկտեմբերի 9-ին արտակարգ դեպք էր արձանագրվել Երևան քաղաքում։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ժամը 09։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայում գտնվող «D&D» հյուրատանը տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
Ըստ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների, հյուրատան տնօրենը հերքել էր վարկածը, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, պնդելով, թե «հյուրատունը գազից չի օգտվում»։
Նման դեպքերում, երբ պատկան մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր և անցկացվում է քննություն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զերծ է մնում մեկնաբանություններից՝ գործի քննության շահերից ելնելով:
Այտուամենայնիվ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հանրային օբյեկտը հանդիսանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ, Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի մասնագետները հոկտեմբերի 11-ին այցելեցին «D&D» հյուրատուն՝ տեղում մանրամասն ուսումնասիրություն իրականացնելու և օբյեկտը սնուցող գազատար խողովակից հնարավոր արհահոսքի վարկածը ստուգելու նպատակով։ Եվ որ ամենակարևորն է՝ պարզել, արդյոք հանրային օբյեկտում պահպանվում են բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները։
Հողային քանդման աշխատանքների արդյունքում պարզվեց, որ գազատարից դեպի առևտրային հաշվառքի սարք ստորգետնյա անցման հատվածում կատարված է միացում ռետինե խողովակի միջոցով։
Արձանագրված ապօրինի միացումը ոչ միայն Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների (ԳՄՕԿ), այլ նաև բնական գազից անվտանգ օգտվելու պահանջների կոպտագույն խախտում է, որը կարող էր հանգեցնել առավել ծանր հետևանքների։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 979 ԿԲ)