Մեղրի քաղաքում առաջին բաժանորդների գազասպառման համակարգերը միացվել են գազամատակարարման ցանցին
Սյունիքի մարզի Մեղրի համայնքում արդեն մեկնարկել են գազաբաշխիչ ցանցի շահագործման աշխատանքները և նոյեմբերի 23-ից սկսած Մեղրի քաղաքի բնակիչների կողմից ստացված դիմումների հիման վրա առաջին բաժանորդների գազասպառման համակարգերը միացվել են գազամատակարարման ցանցին: Այսուհետ բնակիչները հնարավորություն ունեն օգտվել բնական գազից։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Սյունիքի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղը (ԳԳՄ) ավարտին է հասցրել բոլոր նախապատրաստական աշխատանքները և իրականացրել գազաթողարկում Մեղրիի Ադելյան, Գործարանային, Անդրանիկի փողոցներում, ինչպես նաև «Փոքր թաղ» թաղամասում։
Մեղրի համայնքի գազաբաշխիչ ցանցի հետագա շահագործումը, ինչպես նաև տարածաշրջանի բաժանորդների հուսալի, անվտանգ և անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից Սյունիքի ԳԳՄ-ի կազմում ստեղծվել է նոր մասնագիտացված կառույց՝ Մեղրիի տարածքային արտադրական-շահագործման ծառայությունը (ՏԱՇԾ)։ ՏԱՇԾ-ի գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար նախատեսված է շուրջ 20 աշխատատեղ։ Նոր կառույցի կազմում գործելու է նաև «1–04» վթարա-կարգավարական շուրջօրյա ծառայությունը։
Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին փոխըմբռնման Հուշագրի շրջանակում գազաֆիկացվել էր Մեղրի քաղաքի 90%-ը և Ագարակ քաղաքի 10%-ը: Հետագայում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից շարունակվել և ավարտին են հասցվել Մեղրի և Ագարակ քաղաքների գազաֆիկացման աշխատանքները, ինչպես նաև գազաֆիկացվել է Լեհվազ գյուղը:
Մեղրի քաղաքի և Լեհվազ գյուղի գազամատակարարումն իրականացվում է Լեհվազ գյուղի մոտ նոր կառուցված գազաբաշխման կայանից (ԳԲԿ), իսկ Ագարակ քաղաքինը՝ Ագարակի ճնշման նվազեցման հանգույցից:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 623 ԿԲ)