Գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտները պատրաստ են ապահովելու սպառողների անխափան գազամատակարարումը 2022/2023թթ. ձմռան ժամանակաշրջանում

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համաձայնեցված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022–2026 թթ. ներդրումային ծրագրի (այդ թվում՝ կապիտալ նորոգման պլանի) շրջանակներում իրականացվել են համալիր աշխատանքներ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտներում։

Ընթացիկ տարում Ընկերության կապիտալ նորոգման պլանով, մասնավորապես, նախատեսվել և ամբողջական ծավալով կատարվել են Երևան-Արմավիր 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Ղազախ-Երևան 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի, Ղազախ-Երևան (II գիծ) 1000 մմ և 700 մմ տրամագծերով մայրուղային գազատարների, Գորիս-Նախիջևան 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի և Գորիս-Կապան-Քաջարան 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի մեկուսիչ շերտի կապիտալ նորոգման աշխատանքները (խոտանված խողովակների մասնակի փոխարինմամբ): Մայրուղային գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 40 կմ:

Լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև գազափոխադրման համակարգի այլ օբյեկտներում, այդ թվում՝ «Ալավերդի», «Գետաշեն» և «Արզնի» գազաբաշխիչ կայանների, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ենթակառուցվածքի և տեխնոլոգիական հանգույցների կապիտալ նորոգում, ԳՍՊԿ-ում պահեստավորվել է պահանջվող նվազագույն ծավալով օպերատիվ պաշար։

Համալիր աշխատանքներ են իրականացվել գազաբաշխման համակարգի օբյեկտներում, այդ թվում՝ միջին և ցածր ճնշման ստորգետնյա և վերգետնյա գազատարների կապիտալ նորոգում ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության ամբողջ տարածքում։ Գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 100 կմ:

Այսպիսով, հաշվի առնելով կատարված աշխատանքները՝ գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների հուսալի և անվտանգ շահագործումը կապահովի սպառողների անխափան գազամատակարարումը 2022/2023թթ. ձմռան ժամանակահատվածում։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am