«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հ․Թադևոսյանի շնորհավորական ուղերձը
Հարգելի գործընկերներ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք տոների՝ Ամանորի և Սուրբ ծննդյան կապակցությամբ:
Տարեմուտը դիմավորում ենք լավատեսությամբ, նոր հույսերով և հավատում, որ գալիք տարին լինելու է ավելի լավը, դառնալու է մեր նոր երազանքների ու նպատակների իրականացման տարեշրջան: Որքան կարևոր է ապագայի հանդեպ լավատեսությունը, նույնքան կարևոր է անցնող տարին հաշվետու ձևով ամփոփելը, լավն արժևորելը:
2022 թվականը «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար հոբելյանական էր: Այսօր շրջում ենք մեր գործունեության 25-ամյա պատմության էջը։ Աշխատանքային անցած ճանապարհը հեշտ չի եղել, ունեցել ենք բազմաթիվ դժվարություններ, որոնք հաղթահարել ենք միասնական ջանքերով ու պատվախնդրությամբ՝ իրագործելով գազաէներգետիկ այնպիսի նախագծեր, որոնք իրենց ծավալներով և նշանակությամբ աննախադեպ են Հայաստանում։ Ավելի քան երկու տասնամյակ մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում ստեղծել ենք համակարգ, որը ոչ միայն առանցքային դեր ունի հանրապետության էներգետիկ ոլորտում, այլ նաև իր ներուժով նպաստում է առանձին ենթակառուցվածքների զարգացմանը։
Այս համատեքստում կարևոր է առանձնահատուկ ընդգծել մեր միակ բաժնետիրոջ՝ «Գազպրոմ» ՀԲԸ կառուցողական դիքորոշումը իրականացված ծրագրերին ընդառաջելու և կյանքի կոչելու գործում:
Այսօր վստահորեն կանգնած ենք առաջատարի դիրքերում՝ որպես երկրի տնտեսական կյանքի կարևորագույն մասնակից, խոշոր հարկատու և համակարգաստեղծ ընկերություն: Մեր գլխավոր խնդիրը բնականոն գործունեության ապահովումն է, որի ամենակարևոր արդյունքը մշտապես եղել և մնում է Հայաստանի Հանրապետության սպառողների հուսալի և անխափան գազամատակարարումը՝ նույնիսկ ֆորս-մաժորային իրավիճակներում։
Առաջիկա տարիներին մեծ աշխատանք ունենք անելու Հայաստանի Հանրապետության գազամատակարարման և գազաֆիկացման Գլխավոր սխեմայի ուղղությամբ, որի շրջանակում իրականացվում են գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի օբյեկտների կապիտալ նորոգման, վերակառուցման աշխատանքներ և համալիր միջոցառումներ հանրապետության ամբողջ տարածքում։ Աշխատանքների և դրանց ուղղված կապիտալ ներդրումների ծավալները զգալիորեն գերազանցում են նախորդ տարիների նմանատիպ ցուցանիշները և վստահ եմ, որ մեր բոլոր արտադրական ծրագրերը կիրագործենք բարձր արդյունավետությամբ, ամբողջական ծավալով և ըստ նախանշված ժամանակացույցի։
Համոզված եմ, որ համակարգված և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, յուրաքանչյուրս մեր տեղում, մեզ վստահված պարտականությունների շրջանակում անելու ենք առավելագույնը «Գազպրոմ Արմենիա» ընկերության զարգացման ճանապարհը շարունակելու համար։
Թող գալիք 2023 թվականը նոր ուժերով ու ոգևորությամբ սկսելու մեկնարկ լինի՝ նոր ձեռքբերումների ու հաջողությունների համար:
Հարգելի գործընկերներ,
Ցանկանում եմ կրկին շնորհավորել ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ և ձեր հարազատներին քաջ առողջություն, բարօրություն, բոլոր նվիրական նպատակների և ցանկությունների իրականացում: Սեր և երջանկություն ձեր ընտանիքներին, խաղաղություն մեր երկրին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն