«Գազպրոմ Արմենիա»-ն կոչ է անում մշտապես պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները

Ջեռուցման շրջանի ընթացքում, երբ զգալիորեն ավելանում են բնական գազի սպառման ծավալները, զուգահեռաբար գրանցվում է նաև կենցաղում գազի օգտագործման հետ կապված դեպքերի վիճակագրության որոշակի աճ։ Մասնագիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման դեպքերի և վթարային իրավիճակների առաջացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է:

Բաժանորդների անվտանգ և անխափան գազամատակարարման ապահովման, բնական գազից անվտանգ օգտվելու պահանջների վերաբերյալ հարցերին պատասխանում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Ռուբեն Հակոբյանը։

Ռուբեն Հակոբյան


— Ջեռուցման շրջանում գրանցվում է բնական գազի օգտագործման հետ կապված դեպքերի աճ։ Որո՞նք են դրանց հիմնական պատճառները։

 — Ջեռուցման շրջանում կամ ձմեռային ժամանակահատվածում բնական գազի օգտագործման հետ կապված դեպքերի կամ, որ ավելի ճիշտ է, պատահարների աճը պայմանավորված է գազասպառողների կողմից գազի տնտեսությունում անվտանգության տարրական կանոնների չպահպանման հետ: Մասնավորապես, հաստատված կարգով կատարված մասնագիտական քննության արդյունքների համաձայն, պատահարները հիմնականում կապված են բաժանորդների կողմից ներտնային գազասպառման համակարգերում տեղակայված անվտանգության ազդանշանային համակարգերը էլեկտրական սնուցումից անջատելու պայմաններում, գազի տնտեսությունում անվտանգության կանոնների խախտման և գազասարքերի շահագործման պայմանների անտեսման հետ:

 — Ի՞նչ է պետք անել և ի՞նչն է արգելվում բնական գազի անվտանգ օգտագործման համար։

 — Դա ակնհայտ է․ անհրաժեշտ է պահպանել բնական գազից օգտվելու անվտանգության կանոններն ու պայմանների կատարումը, մասնավորապես՝

—ոչ մի դեպքում չանջատել ներտնային գազասպառման համակարգերում տեղակայված անվտանգության ազդանշանային համակարգերը էլեկտրական սնուցումից, իսկ դրանց անսարք լինելու կասկածի դեպքում անմիջապես ահազանգել ներտնային գազասպառման համակարգերի սպասարկումն իրականացնող տարածքային ստորաբաժանումներին կամ տարածքային 1–04 վթարակարգավարական ծառայությանը

—անվերապահորեն կատարել պայմանագրային պարտավորությունները, համաձայն որոնց՝ արգելվում է ներտնային գազասպառման համակարգում գազասարքերի ինքնակամ միացումներ, տեղափոխություններ կամ նախագծից դուրս նոր գազասարքերի ավելացումներ կատարելը

—պահպանել գազի տնտեսությունում անվտանգության կանոնները և գազասարքերի շահագործման պայմանները, որոնք մանրամասն արծածված են ընթացիկ տարվա սկզբին գազասպառողներին տրամադրված հուշաթերթում, որի օրինակը ներկայացված է ստորև,

—պահանջել ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում իրականացնող փականագործներից սպասարկման աշխատանքների լիակատար և ամբողջական կատարում՝ այդ թվում ծխաօդատար ուղիներում քարշի առկայության ու անվտանգության ազդանշանային համակարգերի աշխատունակության ստուգում, չխոչընդոտել, որպեսզի փականագործները հայտնաբերված թերությունները ու խախտումները տեղում վերացնեն:

— Նշեցիք, որ ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման առումով կարևոր դերակատարություն ունի անվտանգության համակարգը։ Ինչպե՞ս է այն աշխատում և ապահովում սպառողների անվտանգությունը։

— Գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով դեռ 2007 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պարտադիր է ներտնային և կենցաղային գազասպառման համակարգերում, շենքերի գազաֆիկացվող կամ գազաֆիկացված տարածքների ներանցնող մասում այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրի տեղադրումը: Բաժանորդի ցանկությամբ` իր միջոցներով, կարող են տեղադրվել գազասպառման համակարգի անվտանգության ապահովման լրացուցիչ ազդանշանային սարքեր և համակարգեր:

Ազդանշանային սարքերը ինքնաշխատ են, գործում են առանց մարդկային միջամտության և իրենցից ներկայացնում են գազասպառման անվտագության ապահովման լրացուցիչ կանխարգելիչ միջոց:

Ազդանշանային սարքերը անմիջապես արձագանքում են ՝ 

մեթան գազի դեպքում՝ մինչև պայթման սահմանը, 10–20% գազ կուտակվելու դեպքում

CO շմոլ գազի դեպքում՝ 0,016%-0,026% տիրույթում, որը անվտանգ է մարդու համար և միայն 4–5 ժամ հետո կարող է առաջացնել թեթև գլխացավ, սրտխառնոց, թուլություն

միջավայրում ջերմաստիճանի բարձրացման դեպքում՝ երբ նրանց մոտ ջերմաստիճանը հասնում է 70° ցելսիուսի:

Նշված դեպքերում ազդանշանային սարքը ինքնաշխատ կերպով կփակի վթարային անջատիչ կափույրը և կդադարեցնի բնակարանի գազամատակարարումը` այդպիսով կանխելով վթարային իրավիճակի առաջացումը:

— Ընկերության կազմում շուրջօրյա ռեժիմով գործում է 1–04 վթարակարգավարական ծառայությունը։ Ծառայության աշխատանքի առումով ի՞նչ վիճակագրություն է ձևավորվում ջեռուցման շրջանում տարվա մյուս ժամանակահատվածի համեմատ։

— Հարկ եմ համարում նշել, որ Ընկերության կազմում շուրջօրյա ռեժիմով գործող 1–04 վթարակարգավարական ծառայության գործառույթները չեն սահմանափակվում միայն ներտնային գազասպառման համարգերին վերաբերվող կանչերի գրանցմամբ ու արձագանքմամբ: Բացի նշվածից, ծառայության գործունեությունը տարածվում է նաև ամբողջ գազաբաշխման ցանցի վրա: Ընդ որում՝ ներտնային գազասպառման համակարգերին վերաբերվող կանչերը կազմում են ծառայության կողմից ընդունվող ընդհանուր կանչերի 35-38%-ը: Ինչ վերաբերում է հարցում նշված վիճակագրությանը, ապա տարվա մյուս ժամանկահատվածների համեմատ, ջեռուցման սեզոնին տեղի է ունենում կանչերի աճ, ինչը պայմանավորված է ջեռուցման սարքերի թողարկմամբ, օգտագործվող գազասարքերի թվաքանակի և գազսպառման ծավալների աճի և եղանակային անբարենպաստ ու սենքերի օդափոխության սահմանափակման պայմաններում գազասպառման հետ: Մասնավորապես, ընթացիկ տարվա հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և հոկտեմբեր ամիսներին ներտնային գազասպառման համակարգերին վերաբերվող կանչերը մյուս ամիսների համեմատ ավելի շատ են միջինը 25 %-ով: Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսվա կանչերի վերաբերյալ տեղեկատվությունը գտնվում է ամփոփման փուլում և նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների վիճակագրության արդյունքների հաշվառմամբ նշված համեմատական տվյալները տարեկան կտրվածքով բնականաբար կավելանան: 2021 թվականի համար իմ կողմից նշված ամիսների կտրվածքով համեմատական տվյալները կազմել են համապատասխանաբար 70 % :

Միաժամանակ հարկ եմ համարում նշել, որ քիչ չեն նաև կեղծ կանչերի քանակը, որը ներտնային գազասպառման համակարգին վերաբերվող կանչերի ընդհանուր քանակի մեջ կազմում է 15–17%:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում մշտապես էլեկտրական սնուցումից միացված պահել անվտանգության ազդանշանային սարքերը, պահպանել բնական գազից անվտանգ օգտվելու կանոնները, իսկ գազասպառման համակարգի կամ գազօգտագործող սարքերի (անվտանգության ազդանշանային սարքերի) հետ կապված ցանկացած խնդրի առաջացման դեպքում անմիջապես դիմել շուրջօրյա գործող վթարակարգավարական ծառայություն՝ 1–04 հեռախոսահամարով, ինչպես նաև «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերություն:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am