Կառավարությունը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին

Գործադիրը հավանություն է տվել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վերջին տարիների ընթացքում Երևանում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևանը սնող գազաբաշխիչ կայանների (ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունն այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։

Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևանում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։

Երևանում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևանի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։ Յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։ Գազամատակարարման ռեժիմների բարելավման նպատակով քաղաքաշինական ու տեխնիկական հնարավոր լուծումների համադրմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ուսումնասիրվել է տեղադիրքային առումով նույն ուղղությամբ շինարարություն իրականացնող կառուցապատողների աշխատանքները և մշակվել են 4 հիմնական ուղղություններով թվով 4 կողմնատար գազատարների, 4 նոր գազի ճնշման կարգավորման հանգույցների ու միջին ճնշման հիմնական սնող գազատարների կառուցման նախնական էսքիզային լուծումներ։ Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմելուց և վերջնական համաձայնեցումներից հետո աշխատանքները կիրականացվեն, համապատասխանաբար, հետևյալ փուլերով՝ Հյուսիս-Արևելյան, Հարավ-Արևմտյան, Հարավային, Արևելյան հատվածներ: Աշխատանքների արդյունքում հնարավորություն կընձեռնվի անհրաժեշտ գազամատակարարման ռեժիմով գազամատակարարում ապահովել Երևան քաղաքի ողջ տարածքում:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության նյութերով

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am