Առաջարկվում է օգոստոսի 1-ից բնական գազի սակագները պահպանել նույն մակարդակի վրա. ՀԾԿՀ նախագահ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով բնական գազի սակագների վրա փոխարժեքի ազդեցության հարցին, հայտարարել է, որ մինչև օգոստոսի 1-ը սակագնային տարի է և սակագնի վերանայման գործընթաց ձեռնարկվելու է, առաջարկվում է օգոստոսի 1-ից սակագները պահպանել նույն մակարդակի վրա։
«Դրամի փոխարժեքը ընդամենը մեկ գործոն է, որը ազդում է սակագների ձևավորման վրա։ Իհարկե, այն դրական ազդեցություն է ունեցել, սակայն պետք է հաշվի առնել, որ սպառողների շուրջ 70 տոկոսն արդեն օգտվում է փոխարժեքի նվազումից, քանի որ միայն բնակչության համար է գազի սակագինը սահմանված դրամով, իսկ մնացած 70 տոկոսի համար կիրառվում է փոխարժեքի հետ կապված բանաձև։ Նրանց ամսական բացարձակ վճարումները արդեն իսկ նվազել են», — նշել է Գ․Բաղրամյանը։
ՀԾԿՀ նախագահը նաև տեղեկացրել է, քննարկումների արդյունքում որոշում է կայացվել փոխարժեքով պայմանավորված որոշակի դրական արդյունքը ուղղել ներդրումային ծրագրերի իրականացմանը, ինչին անդրադարձ էր կատարվել ՀՀ կառավարության նախորդ նիստում։
«Կառավարության կողմից կայացվեց որոշում, որով առաջարկվում է Երևան քաղաքի գազամատակարարման համակարգի հզորությունների ավելացում։ Նախատեսվում է նոր գազաբաշխիչ կայանների և գազատարների կառուցում, որի արդյունքում Երևանում սպառվող գազի ծավալները կրկնապատկվելու են», — ասել է Գ․Բաղրամյանը։