Շարունակվում է ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված լայնածավալ աշխատանքների իրականացումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի մոտ հրավիրված խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրական ընթացիկ ծրագրերին, առաջիկա աշխատանքներին։

Ֆինանսատնտեսական գործունեությանն առնչվող հարցերի համատեքստում նշվեց, որ վերջին տարիների արդյունավետ գործունեության արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հետևողականորեն նվազեցրել է տարիների ընթացքում ձևավորված խոշոր վարկային բեռը: Ընդգծվեց, որ 2023թ. օգոստոսի 29-ին Ընկերությանը հաջողվել է ամբողջությամբ մարել վարկի վերջին մնացորդը:

Նշվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ներդրումային ծրագրի և Կապիտալ նորոգման պլանի շրջանակներում շարունակվում է ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմայով նախատեսված լայնածավալ աշխատանքների իրականացումը: Մասնավորապես, օգոստոս ամսին շահագործման է հանձնվել Գորիս-Նախիջևան Դպ700 մայրուղային գազատարի 21կմ հատվածը:

Համաձայն նախանշված ժամկետների` իրականացվում են գազաբաշխման համակարգի գծային մասի գազատարների վերականգնման և նորոգման, ինչպես նաև գազաբաշխիչ կայանների, Աբովյանի ԳՍՊԿ ենթակառուցվածքների կապիտալ նորոգման աշխատանքները:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ օբյեկտների հուսալի և անվտանգ շահագործումը 2023/2024 թվականների աշուն-ձմեռ ժամանակահատվածում ապահովելու նպատակով նախատեսված բոլոր միջոցառումները իրականացվում են համաձայն հաստատված ժամանակացույցի։

Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրի իրականացման առումով նշվեց, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա` քաղաքի նույն ուղղությամբ տեղաբաշխված մի շարք կառուցապատողներ փոխհամագործակցված ձևով ձեռնամուխ են եղել կառուցել նոր ԳԲԿ-ներ և գազի բաշխիչ ցանցեր: Առանձին ուղղություններով առկա են կառուցված համակարգեր, և մեծ տեմպով առաջ է գնում դրանց ճյուղավորումների շինհավաքակցումը: Ներկայումս իրականացվող աշխատանքների ավարտից հետո Երևան քաղաքի հյուսիս-արևելյան և հարավ-արևմտյան հատվածներում, ուր դիտվում է խոշորամասշտաբ կառուցապատման հիմնական կենտրոնացումը, ակնկալվում է գազասպառման պահանջարկի բավարարում:

Անդրադարձ կատարվեց նաև արտադրական գործընթացների թվայնացման միջոցառումներին, որոնց շրջանակներում, գազափոխադրման համակարգում կարգավարական գործառույթների բարելավման նպատակով, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից նախաձեռնվել են Ընկերության կարգավարական գործընթացների օպերատիվ կառավարման համակարգի ներդրման համար տեխնիկական պահանջների և նախագծման առաջադրանքի մշակման աշխատանքներ: Օպերատիվ-կարգավարական կառավարման համակարգի գործառույթի նպատակներից է նաև գազի փոխադրման գործընթացի անընդհատ ավտոմատացված հսկումը, հուսալիության, անվտանգության և արտադրական ու տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետության ապահովումը:

Միևնույն ժամանակ, գազափոխադրման համակարգի շահագործատեխնիկական գործառույթների լավարկման նպատակով՝ Ընկերությունը ընթացիկ տարվա ընթացքում նախատեսում է մայրուղային գազատարների և ենթակառուցվածքների շրջայցային սպասարկման գործառույթների փորձնական ծրագրի ներդրում՝ ԱԹՍ-ների կիրառմամբ մոնիթորինգի և հսկման գործառույթների կազմակերպում:

Խորհրդակցության ավարտին անդրադարձ կատարվեց նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում իրականացվող կադրային քաղաքականությանը։ Ա․Հակոբյանն ընդգծեց, որ այդ հարցում անհրաժեշտ է շարունակել զարգացնել և ակտիվացնել համագործակցությունը համապատասխան մասնագիտացված ուսումնական հաստատությունների հետ՝ երիտասարդ մասնագետներին համակարգ ներգրավելու, Ընկերության կադրային ռեզերվը ձևավորելու և ինժեներատեխնիկական անձնակազմը համալրելու նպատակով, ինչը կապահովի մասնագետների կայուն սերնդափոխությունը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am