Ընդլայնված խորհրդակցությանը անդրադարձ կատարվեց ընթացիկ և առաջիկա արտադրական ծրագրերին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը ընդլայնված խորհրդակցությանը շնորհավորեց գործընկերներին անցած մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթելով նոր ձեռքբերումներ և հաջողություններ հետագա աշխատանքում։

Իր գոհունակությունը հայտնելով 2023 թվականի արտադրա-տնտեսական գործունեության ամփոփիչ արդյունքների վերաբերյալ, Ա.Հակոբյանը նշեց, որ այս ցուցանիշները լավ հիմք են ստեղծում Ընկերության հետագա կայուն գործունեության և հեռանկարային զարգացման ծրագրերի իրականացման տեսանկյունից:

«Դրական դինամիկան բոլորիս աշխատանքի հավաքական արդյունքն է և այս ռեսուրսով կարող ենք հավակնել ավելի բարձր ցուցանիշների», — նշեց Ա. Հակոբյանը։

Անդրադարձ կատարվեց ընթացիկ և առաջիկա արտադրական ծրագրերին, այդ շարքում ընդգծելով Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի (ԳՍՊԿ) արդիականացման ու վերազինմանն առնչվող միջոցառումները, մասնավորապես ԳՍՊԿ-ի բնականոն գործունեության և միաժամանակ ստորգետնյա պահեստարանում բնական գազի բավականաչափ ծավալների պահեստավորման համար անհրաժեշտ տեխնիկական պայմանների ապահովումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը կարևորեց արտադրական ծրագրերով նախատեսված նոր ճնշակայանի կառուցման ուղղությամբ իրականացվող լայնածավալ աշխատանքները։

ՀՀ կառավարության որոշմամբ այս միջոցառումները ճանաչվել են որպես ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումներ, իսկ նոր ճնշակայանի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը՝ հանրային գերակա շահ, քանի որ Աբովյանի ԳՍՊԿ-ն հանդիսանում է էներգետիկ անվտանգության, հուսալի ու անխափան գազամատակարարման իրական երաշխիք:

Գազափոխադրման և գազաբաշխման համակարգերի աշխատանքի հուսալիության և անվտանգության մակարդակը, արտադրական գործընթացների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով շարունակվում են աշխատանքները Օպերատիվ-կարգավարական կառավարման համակարգի (ՕԿԿՀ) ներդրման ուղղությամբ:

«Համակարգը թույլ կտա ապահովել բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերի տեխնոլոգիական և արտադրական գործընթացների արդյունավետ ավտոմատացված վերահսկողություն և կառավարում։ Համակարգը հնարավորություն կտա ժամանակին հայտնաբերել և վերացնել սահմանված տեխնոլոգիական ռեժիմներից շեղումները, կանխարգելել և կանխել վթարների և արտակարգ իրավիճակների զարգացումը՝ նվազագույնի հասցնելով դրանց տեղայնացման և վերացման ժամանակը», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

ՕԿԿՀ-ի միջոցով նաև կազմվելու է հանրապետության բնական գազի հաշվեկշիռը, որը կհանդիսանա իրական ժամանակի ռեժիմով իրավիճակը վերլուծելու և որոշումներ կայացնելու հիմնական գործիքը:

Ա. Հակոբյանն ընդգծեց, որ Երևան քաղաքում, նոր կառուցապատմամբ պայմանավորված, շարունակվում են գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելուն ուղղված համալիր աշխատանքները։

«Սա նշանակում է, որ առաջիկա տարիներին գազաբաշխման ցանցին կմիացվեն նոր գազասպառման համակարգեր, կավելանա բաժանորդների թիվը, հետևաբար՝ կավելանան աշխատանքի ծավալները մեր գործունեության բոլոր ուղղություններով», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը։

Առաջիկա ծրագրերի մասով նշվեց, որ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում ձեռնարկվել է Գլխավոր եռակցողի ծառայության և եռակցման արտադրության որակավորման կենտրոնի ստեղծում։

«Ծառայությունը և որակավորման կենտրոնը հնարավորություն կտան զարգացնել մեր եռակցման արտադրությունը, բարձրացնել որակը և համապատասխանեցնել այն „Գազպրոմ“ ՀԲԸ պահանջներին։ Բացի այդ, „Գազպրոմ Արմենիա“ ընկերության եռակցման արտադրության մասնագետները կունենան գրանցված, գործող որակավորման վկայականեր», — ասաց Ա. Հակոբյանը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am