«Գազպրոմ Արմենիա»-ն շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր սոցիալական քաղաքականության շրջանակում շարունակում է աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին։ Անցած տարվա նոյեմբերից շուրջ 40 ընտանիք բնակվում է Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տանը։

«Գազպրոմ Արմենիա»-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումն ու շահագործումը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին կացարաններով ապահովելու համար:

Ներկայում այստեղ բնակվում է ավելի քան 100 մարդ, այդ թվում՝ երեխաներ։ «Կարին»-ում բնակվող հայրենակիցների համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ կոմունալ-կենցաղային հարմարությունները, սենյակներն ապահովված են ինտերնետ կապով և կաբելային հեռուստատեսությամբ, կազմակերպված են տարածքներ բնակիչների հանգստի և երեխաների ժամանցի համար։ Հանգստյան տանը գործում է ճաշարան, որտեղ մատուցվում է երեքանգամյա սնունդ։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագրի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նաև ապահովում է 4 երեխաների անվճար ուսուցումը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում։ Նրանցից երկուսը սովորում են 5-րդ դասարանում, ևս երկուսը՝ ավագ դպրոցում։

Ընկերության նախաձեռնությամբ լուծվել է նաև «Արցախգազ» ՓԲԸ մի շարք նախկին աշխատողների զբաղվածության խնդիրը։ Ներկայում ավելի քան 54 մասնագետներ «Արցախգազ»-ից աշխատում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնաճյուղերում։

Անցած տարի «Գազպրոմ Արմենիա»-ն նախաձեռնել էր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագիր, որն իրականացվել էր երկու փուլով։

Ծրագրի առաջին փուլով կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի։ Փոխհատուցումը նախատեսված էր վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել էր բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։

Երկրորդ փուլի շրջանակում աջակցության համար դիմած արցախցի 1300 ընտանիքի Ընկերությունը հատկացրել էր միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am