Տարանցիկ գազատար կարելի է կառուցել ռուս-հայ-իրանական կոնսորցիումով
Մեր նախորդ համարում («Իրավունք», թիվ 2, «Իրանական գազը այսօր Հայաստանին պետք չէ») անդրադառնալով այն հարցին, թե ինչու, չնայած տարբեր խոստումներին ու հայտարարություններին, մինչ անցած տարեվերջ Իրան-Հայաստան գազատարը պաշտոնապես շահագործման չհանձնվեց, հանգել ենք հետեւության, որ անկախ այն բանից, թե այդ գազատարը օր առաջ շահագործման կհանձնվի, դրանով հազիվ թե ներկայումս Հայաստան գազ մուտք գործի այն պարզ պատճառով, որ ներկայումս իրանական գազի ստացումը Հայաստանում տնտեսապես հազիվ թե ձեռք տա: Ինչպես հայտնի է, իրանական 1 խմ գազի դիմաց Հայաստանը պետք է վճարի 3 կՎտժ էլեկտրաէներգիա, ինչը մեր ՋԷԿ-երի ներկայիս արտադրական հնարավորությունների պարագայում Հայաստանի համար հազիվ թե ձեռնտու լինի: Բայց եւ այնպես, անկախ տնտեսական հանգամանքներից, կարծում ենք կասկածից դուրս է, որ Իրան-Հայաստան գազատարը ավելի մեծ չափով քաղաքական ծրագիր է, քան տնտեսական: Իսկ երբ տնտեսական բնույթի ծրագրերում քաղաքական բաղադրիչը սկսում է գերազանցել տնտեսականին, այդ պարագայում եկամտաբերության հարցը կարող է եւ երկրորդ պլան մղվել, ու այս տեսանկյունից արդեն Իրան-Հայաստան գազատարը հնարավորինս շուտ, համենայն դեպս, տրամաբանական ժամկետներում շահագործման հանձնելը իրենից սկսում է բոլորովին այլ պատկեր ներկայացնել: Դեռ վաղուց, անգամ մինչ Իրան-Հայաստան գազատարը կառուցելու միտված պայմանագրի ստորագրումը, արդեն իսկ կային վեճեր, թե այն ում է պատկանելու: Ինչպես հայտնի է, մասնավորապես, ներկայումս շահագործման պատրաստվող գազատարի Մեղրի-Քաջարան 40 կմ-անոց հատվածը պատկանում է Հայաստանին, բայց կառուցվում է իրանական փողերով: Այսինքն, այս պահի դրությամբ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Իրանը գազատարի, մասնավորապես այդ հատվածի նկատմամբ, պատկերավոր ասած, իրենց վճռական կարծիքը հայտնելու եւ այն պաշտպանելու հնարավորություն եւ իրավունք ունեն: Նկատենք նաեւ, որ դեռ մինչ գազատարի հետ կապված պայմանագրի ստորագրումը իրանական կողմը հաճախ վատ թաքնված ակնարկներ էր հնչեցնում, թե կգերադասեր, որ այդ նախագծում Ռուսաստանը որեւէ կերպ մասնակցություն չունենա: Բանն այն է, որ առայսօր իրանական վերլուծաբանները Իրան-Հայաստան գազատարը համարում են շատ ավելի գլոբալ՝ իրանական գազը Եվրոպա տեղափոխելու, այսպես կոչված, «Նաբակո» ծրագրի հիմնական ուղղություն կամ գոնե ենթաճյուղ, ուստի եւ, ռազմավարական տեսանկյունից ակնհայտ է այն առանց իրենց «գազային մրցակցի» Ռուսաստանի միջամտության Եվրոպա հասցնելու շահը: Այսինքն, այդ կերպ Իրանը եվրոպական շուկայում կդառնա ինքնուրույն գազային գործոն՝ իր բոլոր ռազմավարական հետեւանքներով հանդերձ: Նույն տեսանկյունից ելնելով, բնականաբար, ռուսական շահն էլ իր հերթին է պահանջում միջամտումը իրանական գազը Եվրոպա հասցնելու գործընթացում, ինչի համար Ռուսաստանը հազիվ թե ջանք ու եռանդ խնայի: Վիճակը էլ ավելի է սրվում, երբ իրանական գազը Եվրոպա տեղափոխելու ծրագրերին գումարվում են նաեւ նույն իրանական նավթը եւ ապա Կենտրոնական Ասիայի նման էներգառեսուրսներով հզոր տարածաշրջանի պաշարները Եվրոպա տեղափոխելու ծրագրերը: Ընդ որում, այս բոլոր ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ տվյալ երկրները գոնե փորձելու են Ռուսաստանը շրջանցող ուղիներ գտնել, հաշվի առնելով, որ Ռուսաստանով անցնող ուղիներ այսօր էլ գոյություն ունեն, մինչդեռ անգամ Եվրոպան է այսօր առաջին հերթին մտածում ոչ թե էներգառեսուրսների պաշարները լրացնելու, այլ այլընտրանքի մասին: Փոխարենը նշված ծրագրերում կա մի այլ ուշագրավ առանձնահատկություն եւս. աշխարհագրությանը քիչ թե շատ ծանոթ մարդը կասի, որ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա էներգառեսուրսներ տեղափոխող գծերի կառուցման այնքան էլ շատ իրատեսական ուղիներ չկան: Կրկնում ենք, խոսքը Ռուսաստանը շրջանցող ուղիների մասին է: Ուստի եւ վերջին տարիների ընթացքում հատկապես խոսվում է, այսպես կոչված, անդրկասպյան ծրագրերի մասին: Ընդ որում, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը իր վերջին հարցազրույցներից մեկում նշեց, որ Հայաստանը պատրաստ է ներգրավվելու անդրկասպյան էներգետիկ ծրագրերում: Այնուհետեւ, պատասխանելով մեր հարցին, թե խոսքը հատկապես որ ուղղության մասին է, ԱԳՆ-ից մեկնաբանեցին, թե նախարարը խոսել է առհասարակ նման ծրագրերում կամ նախագծերում ներգրավվելու Հայաստանի ցանկության մասին, եւ կոնկրետ ուղղության մասին դեռ վաղ է խոսել: Իսկ Կենտրոնական Ասիայի ու Իրանի էներգակիրները Եվրոպա տեղափոխելու կոնկրետ ուղղությունները, կրկնում ենք, այնքան էլ շատ չեն: Բնականաբար, անդրկասպյան բոլոր ծրագրերում էլ Իրանը ներգրավված կլինի: Դրանից հետո առաջանում են փակուղիներ: Իրանից անմիջապես դեպի Արեւմուտք ուղիների կառուցումը ներկայումս անիրատեսական է, հաշվի առնելով, թե խոսքը ինչ անկայուն տարածաշրջանի մասին է: Ուստի եւ հատկապես եվրոպական վերլուծաբանները հակված են տեսնելու, որ իրենց այլընտրանքային ուղղությունները կարող են անցնել Իրան-Թուրքիա-Հունաստան-Իտալիա-Կենտրոնական Եվրոպա գծով, իսկ նույն եվրոպական ֆինանսական շրջանակները մեկ անգամ չէ, որ հայտարարել են այդ ուղղությամբ պատշաճ ֆինանսական միջոցներ ներդնելու պատրաստակամության մասին: Սակայն, համաձայն ռուսական եւ իրանական տարբեր վերլուծաբանների գնահատման, Իրանը հազիվ թե համաձայնի այդ ուղղությամբ գլոբալ ծրագրերի մասնակցել, հաշվի առնելով, որ այդ կերպ տարածաշրջանում շեշտակիորեն կբարձրանա իր հիմնական մրցակցի՝ Թուրքիայի դերը: Միաժամանակ այդ ուղին շրջանցում է նաեւ Ռուսաստանը, եւ վերջինս եւս հազիվ թե փորձի հաշտվել այդ ծրագրերի հետ: Ընդ որում, նշված ծրագրի նմանակը կարող են դառնալ Կենտրոնական Ասիայի էներգակիրները Կասպից ծովի հատակով տեղափոխելու եւ ապա Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարին ու Շահ Դենիզ-Թբիլիսի-Էրզրում գազատարի միջոցով Թուրքիա եւ ապա Եվրոպա հասցնելու նախագծերը, որոնք արդեն վերջնականապես են Ռուսաստանին եւ Իրանին դուրս մղում Կենտրոնական Ասիա-Եվրոպա գլոբալ էներգետիկ ծրագրերից, ընդ որում, հնարավորություն տալով ԱՄՆ-ին՝ կովկասյան տարածաշրջանում բացառելու Իրան-Ռուսաստան շփման ամեն մի հնարավորություն: Բայց այս դեպքում արդեն գլոբալ ծրագրից դուրս են մղվում նաեւ իրանական էներգակիրները, եւ այդ պարագայում արդեն շատ ուղղություններում ծայրահեղ հակաամերիկյան դիրքորոշում ունեցող եվրոպական որոշ հզորագույն երկրներ իրենց էներգետիկ անվտանգության եւ այլընտրանքային էներգակիրների ներմուծման խնդիրը համարում են չլուծված: Ստացվում է, որ կովկասյան տարածաշրջանով, մասնավորապես Հայաստանով Կենտրոնական Ասիայի եւ Իրանի էներգակիրները Եվրոպա տեղափոխելու ծրագրերը գոնե Իրանի համար կարելի է համարել առավել նպաստավորը: Համենայն դեպս, այդ տեսակետին են տարբեր վերլուծաբաններ: Իսկ դա նշանակում է, որ ներկայիս Իրան-Հայաստան գազատարը կարող է եւ առաջիկայում աշխարհաքաղաքական նշանակություն ձեռք բերել, ինչը լիովին հասկանալի է դառնում ներկայումս այդ ուղին կառավարելու շուրջ մղվող բավական լուրջ պայքարում: Ընդ որում, ակնհայտ է, որ նշված բոլոր ծրագրերում էլ Իրանը ունի իր դերն ու կշիռը պահպանելու շատ լուրջ հնարավորություններ, որոնց պահպանումը առավել ռեալ է թվում Իրան-Հայաստան-Եվրոպա ուղին ընտրելու պարագայում: Մինչդեռ այստեղ է, որ Իրանը բախվում է իր գլխավոր ՙգազային մրցակցի՚՝ Ռուսաստանի հետ, եւ եթե այդ երկու երկրները չգան փոխադարձ համաձայնության, ապա շատ հավանական է, որ Իրանի ներգրավումը եվրոպական էներգետիկ շուկա դեռ երկար ժամանակ ձգձգվի Իրան-Հայաստան գազամուղի կառուցմամբ ու դրա շահագործման դեպքում, ինչպես նշում են իրանական որոշ վերլուծաբաններ, մեր հարավային հարեւանը նախ լուծում է մի կարեւորագույն խնդիր՝ ապացուցում է, որ ձախողվել է ամերիկյան, այսպես կոչված ՙԿովկասյան տարածաշրջանի էներգետիկայում ամեն ինչ առանց Իրանի՚ քաղաքականությունը: Բնականաբար, դրան հաջորդելու է հաջորդ ծրագիրը կամ գոնե ցանկությունը՝ այդ գազատարը հասցնել մինչեւ Եվրոպա, հասկանալի է, որ եվրոպական պահանջներին համապատասխանող թողունակության հասցնելով հանդրեձ: Ի դեպ, անցած տարեվերջին, երբ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը գտնվում էր Իրանում, անդրադառնալով Իրան-Հայաստան գազատարը Եվրոպա հասցնելու խնդրին՝ հայտարարեց. ՙԳազամուղի բացումը իսկապես ցանկալի է՝ հնարավորինս չափից շուտ...
Ինչ վերաբերում է տարանցմանը, իրոք դա հետագայի խնդիր է եւ կարող է խաղաղության նպաստող գործոն լինել: Այնպես որ, գազամուղը բացելուց եւ աշխատեցնելուց հետո կարելի է հաջորդ քայլերի մասին մտածել՚: Ստացվում է, որ Իրան-Հայաստան գազատարը շահագործելով իրոք իրատեսական են դառնում տարանցիկ գազատարի մասին խոսակցությունները: Բայց այստեղ հազիվ թե հարցը առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր լինի լուծել: Բանն այն է, որ իրանական գազը, մուտք գործելով Հայաստան, եթե անգամ Իրան-Հայաստան գազատարը չդառնա Ռուսաստանի կամ գոնե, ասենք, հայ-ռուսական համատեղ որեւէ կառույցի, մասնավորապես ՙՀայՌուսգազարդի՚ սեփականությունը, ապա, միեւնույն է, իրանական գազը ինչ-որ մի կետում պետք է միանա «ՀայՌուսգազարդի» համակարգին: Այդ ընկերությունում, ինչպես հայտնի է,«Գազպրոմը» ներկայումս ունի բաժնետոմսերի մեծամասնություն, եւ եթե առաջիկայում որոշվի տարանցիկ գազատար կառուցել, ապա, միեւնույն է, այն ինչ-որ կետում հատվելու է ռուսական վերահսկողությանը: Այլ բան է, որ եթե որոշեն ներկայիս 40 կմ-անոց գազատարը շարունակել մինչ Հայաստանի հյուսիսային սահմանը եւ ապա Վրաստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի տարածքով մուտք գործել Եվրոպա: Բայց այս իրավիճակում այդ կառույցը հազիվ թե չբախվի ռուսական շահերին ու դիմակայությանը, էլ չենք խոսում ամերիկյան շահերի մասին: Մի խոսքով, առանց Ռուսաստանի մասնակցության, համոզված ենք, որ Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ գազատարի կառուցումը պարզապես կարելի է բացառել: Փոխշահավետ լուծումներ, այնուամենայնիվ, կարծում ենք, որ կան: Օրինակ, ՍԻՄ-ը վերջերս առաջ քաշեց մի յուրօրինակ նախագիծ, որը մի շարք մասնագետներ արդեն իսկ իրատեսական են համարել: Ըստ ՍԻՄ-ի առաջարկի, կարելի է նաեւ Իրան-Հայաստան-Եվրոպա գազատարը կյանքի կոչել ռուս-հայ-իրանական կոնսորցիումի միջոցով, ինչը կարող է լուծում տալ ոչ միայն իրանական մտավախություններին, այլ նաեւ գազատարը ռուսական կողմի համար ընդունելի, որոշ չափով վերահսկելի դարձնել: Թե ինչ ձեւաչափերով այդ կոնսորցիումում հանդես կգան երկրները, արդեն հետագա բանակցությունների խնդիր է: Մասնավորապես հայկական կողմը անգամ պաշտոնական մակարդակով արդեն իսկ հայտարարել է Իրան-Հայաստան գազատարի շահագործումը «ՀայՌուսգազարդին» առնվազն հավատարմագրված կառավարման հանձնելու պատրաստակամության մասին, էլ չասած այն առաջարկի մասին, որ կարելի է գազատարը ներդնել նշված ընկերության կանոնադրական կապիտալում, դրանով իսկ այնտեղ բարձրացնելով Հայաստանի մասնաբաժինը: Ընդ որում, նշված տարբերակը միանգամայն հավանական է, հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանում այդ կարգի այլ գազամատակարարման օպերատոր պարզապես չունենք: Եթե հետագայում թեկուզ եւ նշված ընկերության միջոցով տարանցման ծրագրերում կոնսորցիում ձեւավորվի իրանական կողմի հետ, ապա, բացի տարանցիկ եկամուտներից, Հայաստանը կպահպանի նաեւ շահույթից մասնաբաժին ունենալու հնարավորություն, ինչը, կարծում ենք, հարկ չկա բացատրելու, թե ինչ է նշանակում Հայաստանի կարգի երկրի համար: Էլ չասենք, որ Եվրոպան այդ դեպքում Հայաստանի համար կդառնա անվտանգության եւս մեկ երաշխավոր, ինչը ոչ պակաս կարեւոր է, քան ֆինանսական եկամուտները:
Աղբյուր: «Իրավունք»