Անցած ֆինանսական տարին փակեցինք շահույթով

Հարցազրույց «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ ֆինանսական գծով փոխտնօրեն Աշոտ Մալխասյանի հետ:


—Պարոն Մալխասյան, ինչպես եք գնահատում անցած ֆինանսական տարին:

—Նախ նշեմ, որ մենք անցած ֆինանսական տարին փակեցինք շահույթով: Եթե համեմատենք 2005թ.-ի եւ 2006թ.-ի Ընկերության ընդհանուր ֆինանսական մուտքերը, ապա աճը կազմել 21.1 տոկոս: Ավելի հստակ, 2005թ.-ին մուտքերը կազմել են 75.3 մլրդ դրամ, որից սպառված բնական գազի դիմաց` 62.7 մլրդ դրամ: 2006թ.-ին նույն ցուցանիշը կազմել է 91.2 մլրդ դրամ, որից սպառված բնական գազի դիմաց` 78.6 մլրդ դրամ կամ: Կայուն ձևով ապահովվել են դրամաշրջանառության գործառնությունները և դրամական հոսքերի կարգավորման միջոցառումները:

—Ընկերության դրամաշրջանառությունն ապահովվում է բանկային համակարգի միջոցով: Ինչպիսին է գործընկեր բանկերի հետ համագործակցությունը:

—Անցյալ տարվա ընթացքում «ՀայՌուսգազարդ»-ն սկսել է համագործակցել ևս 4 բանկերի հետ` գործընկեր բանկերի թիվը հասցնելով 17-ի: 2006թ.-ին կատարվել է ավելի քան 5000 բանկային գործառնություն` 2005թ. 3300-ի փոխարեն:

—Պարոն Մալխասյան, Ընկերությունն իր ֆինանսական գործունեությունը կազմակերպում է ներգրավելով նաև վարկային ու փոխառու միջոցներ:

—Այո, կապված գազի իրացման սեզոնային բնույթի հետ մեզ մոտ տեղի է ունենում ֆինանսական միջոցների ավելցուկ կամ պակաս: Պակասը լրացվում է կարճաժամկետ վարկային կամ փոխառու միջոցներով: Կոնկրետ, անցյալ տարվա ընթացքում համակարգի շահագործման ծախսերի իրականացման, ներդրումային ծրագրի անընդհատությունն ապահովելու նպատակով «ՀայՌուսգազարդ»-ի կողմից ձեռք է բերվել 7.5 մլրդ դրամի չափով փոխառու միջոց:

—Հարկային պարտավորությունների մասով ինչ պատկեր է արձանագրված:

—Անցյալ տարի Ընկերության կողմից ՀՀ բյուջե կատարած վճարումները 47 տոկոսով ավելի են նախորդ տարվա համեմատ: ՀՀ սոցհիմնադրամ կատարված վճարումներն ավելացել են 73 տոկոսով, դրա հետ կապված նշեմ, որ 14.2 տոկոսով ավելացել է նաեւ համակարգի աշխատողների թվաքանակը: Ի դեպ, 2005թ. համեմատ 2006թ.-ին 23.2 տոկոսով ավելացել է նաեւ միջին աշխատավարձը:

—Ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված ինչ հիմնական աշխատանքներ են իրականացվել:

—2006թ.-ի ընթացքում ընկերության ֆինանսատնտեսական գործունեության հիմնական ուղղություններից է եղել բնական գազի վաճառքի սակագնի կարգավորման հարցը: Պետք է ասեմ, որ փաստացի շահագործման ծախսերը իրականացվել են հաստատված սակագնին համամասնորեն: Բացի այդ, աշխատանքներ են տարվել հին դեբիտորական պարտքերի մարման ուղղությամբ, որի շնորհիվ հաջողվել է վերջնականապես մարել ջերմամատակարարման համակարգի պարտքերը, մասամբ լուծվել է «Նաիրիտ» ԲԲԸ-ի նախորդ տարիներից կուտակված պարտքերի մարման խնդիրը:

Ինչպես նշեցի, աշխատանքներ են տարվել Ընկերության ներդրումային ծրագրերի` այդ թվում գազաֆիկացման աշխատանքների, ԳՍՊԿ-ի վերակառուցման, գազահամակարգի վերանորոգման և զարգացման ծրագրերի ֆինանսավորման աղբյուրների ապահովման ուղղությամբ` ներգրավելով երկարաժամկետ և ցածր տոկոսադրույքներով փոխառու և վարկային միջոցներ: Ընդ որում, նշված աշխատանքների ուղղությամբ ներդրված գումարների վերադարձի ժամկետը ըստ բիզնես ծրագրերի կազմում է 4–5 տարի, բացառությամբ ԳՍՊԿ-ի երկարաժամկետ ներդրումների:

—- Ինչ ծրագրեր ունեք ընթացիկ տարվա հետ կապված:

—«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության և Խորհրդի քննարկմանն է ներկայացվել Ընկերության 2007 թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության ծրագիրը, որն իր մեջ ներառում է 9 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր` գազաֆիկացման աշխատանքների, ԳՍՊԿ-ի արդիականացման, համակարգի աշխատակիցների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման եւ այլն:

Ներկայումս Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցման ծրագրի շրջանակում, քննարկման փուլում է գտնվում աղաջրերի վերամշակման և դրա արդյունքում աղի ստացման նպատակով իրականացվելիք կապիտալ ներդրումների նպատակահարմարության, ծավալների, ժամկետների, արդյունավետության և նոր տեխնոլոգիաների կիրառման հարցերը:

Հաշվի առնելով 2007թ. գազահամակարգի ընդլայնման ներդրումների ծավալը, Ընկերությունը ֆինանսատնտեսական ոլորտի ուսումնասիրություն է կատարել, համաձայն որի անհրաժեշտության դեպքում կդիտարկվի սակագնի վերանայման քննարկման հարցը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am