Շահագործման հանձնվեց 150 հազար խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանը

Զովունի գյուղի տարածքում շահագործման հանձնվեց 150 հազար խ.մ տարողությամբ աղաջրապահեստարանը, որը հնարավորություն կտա Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի հորերն ազատել կուտակվող աղաջրից՝ արդյունքում ընդլայնելով պահեստավորվող գազի ծավալները:

Աղաջրապահեստարանը համարվում է «Աբովյանի ստորգետնյա գազապահեստ կայանի վերակառուցման եւ արդիականացման» նախագծի բաղկացուցիչ մասերից մեկը եւ, որպես հատուկ ինժեներական կառույց, եզակի է ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ԱՊՀ — ում:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գլխավոր ճարտարագետ Աշոտ Հովսեփյանի խոսքերով, հորերի շահագործման տեխնոլոգիան ենթադրում է աղաջրի մեծ ծավալների անընդհատ առաջացում եւ հեռացում: Ժամանակին ստորգետնյա գազապահեստ կայանը նախագծվել է այն հաշվարկով, որ հորերի լվացումից առաջացող աղաջուրը օգտագործվի «Նաիրիտ» գործարանի տեխնոլոգիական գործընթացների համար: Սակայն վերջին տարիներին «Նաիրիտ» —ի գործարկման դադարեցման հետ կապված աղաջրի հեռացումը դարձել է խնդրահարույց եւ գրեթե անհնար դարձրել հորերի լիարժեք շահագործումը, ինչի հետեւանքով էլ սահմանափակել պահեստավորվող գազի ծավալները:

Ըստ նրա, արդեն տասը տարի հորերի շահագործումը կատարվել է պարզունակ եղանակով՝ աղաջրերը մի հորից մյուսը լցնելով: Սակայն զարգացումն այս ձեւով անհնար է: Եթե մի քանի տարի առաջ ստորգետնյա գազապահեստ կայանում հնարավոր էր պահեստավորել 70 մլն խ.մ գազ, ապա ներկայումս պահեստավորման ծավալները հաջողվել է հասցնել 120 մլն խ.մ-ի: Մինչդեռ Ընկերության ռազմավարությունը խնդիր է դրել ծավալները հասնել մինչեւ 150 մլն խ.մ-ի:

Հաշվի առնելով Աբովյանի ԳՍՊԿ-ի նշանակությունը տնտեսության էներգետիկ կարիքներ համար, «ՀայՌուսգազարդ» Ընկերությունը նախաձեռնեց աղաջրապահեստարանի կառուցումը, որն իրենից ներկայացնում է ներքին հիդրոմեկուսացմամբ վերգետնյա բաց ավազան` նախատեսված շինարարական աղաջրի պահեստավորման եւ վերամշակման համար:


Աղաջրապահեստարանի շինարարության համար ներդրվել է ընդհանուր առմամբ 577 մլն դրամ:

Շինարարությունը, որն իրականացրել է «Տրանսգազշին» ՍՊԸ-ն, տեւել է մոտ մեկ տարի:
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Խաչատուր Բաղդասարյանի խոսքով, արդեն շահագործման հանձնված աղաջրապահեստարանի տարածքում կատարվել է 114 հազար խ.մ հողային աշխատանք, տեղափոխվել եւ խտացվել է 20 հազար խ.մ կավային լիցք: Արվել է ամեն ինչ, որպեսզի կառույցը ջրամեկուսացված լինի եւ արտահոսք չունենա: Շինարարությանը զուգահեռ կառուցվել է աղաջրագիծ` 7,5 կմ երկարությամբ 160 մմ տրամագծով պոլիէթիլենային հատուկ խողովակաշար, որը ձգվում է ԳՍՊԿ-ից մինչեւ աղաջրապահեստարան` ապահովելով շինարարական աղաջրի հեռացումը ստորգետնյա հորերից:

Աղաջրապահեստարանի նախագծումն իրականացրած «Հայջրնախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարագետի տեղակալ Ա. Թարվերդյանի դիտարկմամբ, Զովունու տարածքում աղաջրապահեստարանի կառուցումը պայմանավորված է նրանով, որ այստեղ նախկինում եղել է քարհանք, ինչը եւ փորձ է արվել արդյունավետ օգտագործել: Ըստ նրա, շինարարության համար օգտագործվել են ժամանակակից պոլիմերային հակաֆիլտրացնող նյութեր, որոնք երաշխավորում են ավազանի անջրաթափանցիկությունը՝ ապահովելով շրջակա միջավայրի պահպանության նորմերը:

Ներկայումս օրակարգում է երկրորդ, ավելի հզոր աղաջրապահեստարանի կառուցումը, որը հնավորություն կտա լուծել պահեստավորվող գազի ծավալների ավելացման խնդիրը:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am